Դեղ ներկրող «Ալֆա Ֆարմ» ընկերությունը նվազեցրել է դեղամիջոցների մեծածախ գները` ելնելով շուկայում ստեղծված վիճակից, սակայն չի շտապում իջեցնել գները դեղատների իր ցանցում, քանի որ դա «կարող է վնաս հասցնել փոքր դեղատներին»:  

Ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը չէր կարող չարձագանքել մեծածախ շուկայի փոփոխություններին, որովհետեւ այն շատ զգայուն է: Բայց դա մրցակցի գործողություններով պայմանավորված «կարճաժամկետ ակցիա է», եւ կարճաժամկետ է, քանի որ արտադրողների կողմից գին չի իջեցվել։

Փաստացի, Հայաստանի դեղերի շուկայում առաջին անգամ մեծածախ գները նվազեցվել են առանց արտասահմանյան դեղարտադրողների կողմից մատակարարման գնի փոփոխության, այսինքն` հայաստանյան ընկերությունների շահույթի հաշվին: 

Ու հիմա «Ալֆա Ֆարմը» արտասահմանյան գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ է վարում գների իջեցման շուրջ` նրանց բացատրելով ԵԱՏՄ տարածքում գների հավասարեցման անհրաժեշտությունը: Եվ միայն այդ դեպքում ընկերությունը կգնա դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ գների կայուն եւ համաչափ իջեցման:  Փաստացի,  ընկերության հույսն այն է, որ հնարավոր կլինի կարճ ժամկետում պայմանավորվել արտադրողների հետ:  

Բայց այստեղ հարց է առաջանում. եթե ներմուծող ընկերություններից գոնե մեկը գների իջեցման է դիմել առանց արտադրողի կողմից գնային փոփոխության, նշանակում է` հնարավոր է «տեղավորվել» այդ գներում։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ դեղ ներմուծող ընկերությունները մինչեւ այսօր աշխատել են բարձր շահույթով: Միքայել Մացակյանը համաձայն չէ. «Ասել, որ մենք տեղավորվում ենք այս պայմաններում ճիշտ չի լինի, բայց շուկան թելադրում է։ Ընկերությունը մի քանի խնդիր է լուծում. առաջին հերթին շահույթի հետապնդում, երկրորդ հերթին՝ շուկայում իր դիրքերի պահպանում։ Այս պահին մենք իջեցնում ենք, բայց նաեւ համագործակցում ենք մեր գործընկերների հետ ինվոյսային գների վերանայման մասով, որովհետեւ եթե այդ գները չվերանայվեն, մենք կունենանք լուրջ կորուստներ»։  Ինչ վերաբերում է շահույթին, ըստ տնօրենի, 2015-ին ընկերության զուտ շահույթը 6.5 տոկոս է կազմել, ինչը շահույթի «ընդունելի մակարդակ է»:

Անցնում ենք ստեղծված իրավիճակում գլխավոր հարցին. մեծածախ գների նվազեցումը ինչպես կանդրադառնա մանրածախ գների վրա: Եթե դա չանդրադառնա դեղատներում գների վրա, ուրեմն տեղի է ունենում ընդամենը շուկայի վերաձեւում ներմուծող ընկերությունների միջեւ: NEWS.am Medicine-ի մոնիտորինգը ցույց է տվել, որ մանրածախ գները նվազել են միայն «Վագա Ֆարմի» ցանցային դեղատներում: Մյուս ցանցային եւ ոչ ցանցային դեղատներում գները նույնն են մնացել:

Ըստ Միքայել Մացակյանի, մանրածախ շուկայում այժմ տեղի է ունենում սեգմենտավորում. «տարբեր խաղացողներ որոշում են, թե որոնք են իրենց համար կարեւոր չափանիշները. գին, մատակարարման որակ, հասանելիություն ու այլն»։

Նա նշեց, որ NEWS.am Medicine–ի մոնիտորինգից դատելով, ոչ ցանցային դեղատները գների համապատասխան նվազեցման դեպքում ստիպված կլինեն աշխատել 4-5 տոկոս մարժայի սահմաններում, ինչը նրանց համար կարող է կործանարար լինել: «Մեզ համար փոքր դեղատները մեծածախ հաճախորդներ են, այլ ոչ երբեք մանրածախ շուկայում ուղղակի մրցակիցներ: Ու մենք ոչ մի քայլ չենք անի, որպեսզի փոքր դեղատներին դնենք լուրջ ճնշման տակ», - ասաց նա: Այդուհանդերձ, «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցում գները կիջնե՞ն,  թե՞ ոչ։ «Եթե մենք տեսնենք, որ ոչ մի կողմնակի ռիսկեր չկան, հատկապես փոքր խաղացողների համար, մենք համապատասխան իջեցումները կարճ ժամանակում կիրականացնենք», – կրկին փոքր դեղատների հետ կապեց իրենց գործողություններն ընկերության տնօրենը։

Մեր այն առարկությանը, թե դժվար է հավատալ առեւտրային ընկերության «մարդասիրական մտադրություններին», եւ այստեղ կարող է ուղղակի շահերի համընկնում լինել, Միքայել Մացակյանը պատասխանեց. «Եթե շուկայում ձեւավորված գների մակարդակը ընդունելի լինի բոլոր սուբյեկտների համար, ապա մենք մեր գնային փոփոխությունները կանենք»: Եվ կրկնեց, որ դա հիմնականում կախված կլինի այն գներից, որ կառաջարկեն արտադրողները: 

Բայց այստեղ հետաքրքիր նրբերանգ կա: Խոսքը դեղատներում սահմանվող անվանական գների մասին է, մինչդեռ դեղատների ցանցերը լայնորեն կիրառում են զեղչերի եւ բոնուսների համակարգ, իսկ ոչ ցանցային դեղատները նման մարքեթինգային մեխանիզմներ չունեն: Այո, խոստովանեց տնօրենը, հավատարիմ հաճախորդների համար մեր դեղատներում զեղչերի ճկուն համակարգ կա, թիրախային ակցիաներ են իրականացվում, եւ դա նորմալ մարքեթինգային պրակտիկա է: Ըստ Միքայել Մացակյանի, շատ կարեւոր է սեգմենտավորման գաղափարը. «Արդեն իսկ սպառողը ունի հնարավորություն ձեռք բերել դեղորայքը տարբեր գներով։ «Ալֆա Ֆարմի» մի դեղատանը գինը կարող է մի փոքր տարբերվի մյուս դեղատնից, որովհետեւ, ասենք, կենտրոնում պահանջներն ավելի բարձր են, ավելի կենտրոնացած են սպասարկման որակի վրա։  Մի ուրիշ շրջանում շատ ավելի կարեւոր գործոն է համարվում գինը», – ասաց նա։ «Այսինքն, ձեր տարբեր դեղատներում գները կարող են տարբե՞ր լինել» հարցին էլ պատասխանեց. «Դա կարող է լինել կախված նրանից, թե մենք ինչ–որ դեղատուն ուզում ենք, որ մարդիկ ընկալեն որպես լավագույն գին առաջարկող դեղատուն, ինչ–որ դեղատուն ուզում ենք, որ մարդիկ ընկալեն որպես լավագույն սպասարկող»։

Վերադառնում ենք մեծածախ գնին։ Ինչպիսի՞ն էր մեծածախ առեւտրում մարժան մինչեւ այս փոփոխությունը եւ այժմ: Տնօրենը խուսափեց կոնկրետ թիվ նշել. «Չեմ կարող խոսել մեծածախ առեւտրում մարժայի մասին, մենք վերահաշվարկ ենք անում, բայց հիմա նվազագույն մակարդակի վրա է»։

Հիշեցնենք, որ հունիսի կեսին «Վագա Ֆարմ» ներմուծող ընկերությունը դեղերի մեծ խմբի համար 10-12 տոկոսով նվազեցրել է մեծածախ գները: Ընկերությունում այդ քայլը բացատրել են հայաստանյան գները Ռուսաստանի եւ Վրաստանի գներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, հակառակ դեպքում այսպես կոչված «ձախ դեղերի» հոսքը երկիր արդեն նկատելի չափերի էր հասնում։ Բայց միաժամանակ ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը հավաստիացրել է, որ դա «դեմփինգ չէ»: Մյուս ընկերություններն սկզբում նվազեցրին մեծածախ գները, հետո  բարձրացրին, հետո ստիպված եղան դարձյալ իջեցնել։