Հայ հասարակության վերաբերմունքն աբորտներին ընդհանրապես եւ սելեկտիվ աբորտներին մասնավորապես փոխվել է. ավելի վաղ աբորտը հասարակ պրոցեդուրա էր, որը կարելի էր կատարել ճաշի ընդմիջման ժամանակ, իսկ այժմ ժամանակակից կանայք ջանում են հնարավորինս խուսափել աբորտներից: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության ղեկավար Կարինե Սարիբեկյանը:
Ավագ սերնդի կանանց շրջանում քիչ չեն նրանք, որոնք իրենց կյանքում հասցրել են տասնյակ, նույնիսկ մի քանի տասնյակ աբորտ անել: Նրանց համար աբորտը ընտանիքի պլանավորման ամենաընդունված մեթոդն է եղել: Ժամանակակից երիտասարդությունը սակայն անհամամետ ավելի շատ տեղեկություններ ունի աբորտների վտանգավորության եւ հակաբեղմնավորման մեթոդների մասին: Ճիշտ է, այդ հակաբեղմնավորման մեթոդներից ոչ բոլորն են օգտվում հատկապես երկրի հեռավոր շրջաններում:
Կարինե Սարիբեկյանի կարծիքով, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» նոր օրենքի ընդունումը կօգնի ավելի նվազեցնել երկրում աբորտների քանակը, սակայն միայն օրենքը բավական չէ. շատ կարեւոր է հասարակության եւ բժիշկների վերաբերմունքը դրան:
Հիշեցնենք, որ Հայաստանում աբորտների քանակը վերջին 16 տարում կրճատվել է 3 անգամ: Այդ մասին վկայում են ինչպես 5 տարին մեկ անցկացվող հետազոտությունները ժողովրդագրական առողջության վերաբերյալ, այնպես էլ պաշտոնական վիճակագրությունը. 2000-ականների սկզբին Հայստանում ամեն տարի մոտ 30 000 աբորտ էին անում, սակայն անցյալ տարի ընդամենը 7000 աբորտ է գրանցվել: Աբորտների քանակի կրճատումն իր հերթին հանգեցրել է կրկնակի անպտղությամբ կանանց թվի կրճատման:
Հիշեցնենք նաեւ, որ աբորտը այնքան էլ անվտանգ պրոցեդուրա չէ, որքան ընդունված էր համարել նախկինում: Մեծ Բրիտանիայի գիտնականների կարծիքով, կնոջ առողջական վիճակն ուղղակիորեն կապված է արված աբորտների քանակի հետ. նրանք, ովքեր աբորտներ չեն անում, սովորաբար ավելի առողջ են. բացի այդ, նույնիսկ մեկ աբորտը մեծացնում է ապագա հղիությունների ընթացքում բարդությունների ռիսկը, պնդում են Իսրայելում Թել Ավիվի համալսարանի գիտնականները: Բացի այդ, ինքը` աբորտը կարող է վտանգավոր լինել կնոջ կյանքի համար, բայց նույնիսկ եթե այն, թվում է, թե առանց բարդությունների անցնի, միեւնույն է` կարող է անպտղության հանգեցնել, նույնիսկ եթե խոսքը դեղերով աբորտի մասին է:






