Ամեն ամիս դաշտանի ընթացքում 15-ամյա Հոլլիի մոտ փսխոցի ուժեղ նոպաներ են սկսվում եւ ստիպված են լինում նրան հիվանդանոց տեղափոխել: Դա տարօրինակ խնդիր է, որից բժիշկներն առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել, դա նրա մոտ սկսվել է այն բանից հետո, երբ նրան պատվաստել են մարդու պապիլոմայի վիրուսի դեմ   (ՄՊՎ):

Աղջկա մայրը` 44-ամյա անգլուհի Վիկի Օկլին պնդում է, որ աղջկա խնդիրը պատվաստման երկրորդական հետեւանքների արդյունքն է: Մինչեւ այդ ներարկումը աղջիկը մարզական էր եւ շատ ակտիվ, բայց պատվաստումից բառացիորեն մեկ ամիս անց նրա մոտ կանոնավոր փսխոց է սկսվել եւ դաշտանի ընթացքում ինքնազգացողության վատացում: 

Յուրաքանչյուր դաշտանի ընթացքում դժբախտ Հոլլին ստիպված է լինում երկու օրով հիվանդանոց տեղափոխվել եւ այդ ընթացքում այնքան թույլ է լինում, որ չի կարողանում գլուխը նույնիսկ պոկել բարձից: Չնայած իրենք` բժիշկները դեռեւս չեն խոստովանում, որ աղջկա տարօրինակ ախտանիշները կապված են պատվաստման հետ, նրա մայրը հարյուր տոկոսով վստահ է դրանում: 

«Հոլլիին անհնար էր կանգնեցնել, նրա մեջ այնքան էներգիա եւ հավակնություն կար, որ ամբողջ օրն անցկացնում էր` զբաղվելով սպորտով կամ ուսումով, երազում էր բժիշկ դառնալ: Եվ նա պատվաստում ստացավ, որից հետո մենք կորցրեցինք մեր աղջկան,-պատմել է Վիկի Օկլին: Ամեն անգամ, երբ ասում եմ, որ աղջիկս տուժել է պատվաստումից, ինձ պատվաստումների դեմ շարժման ակտիվիստուհի են կոչում: Ես բոլորովին դեմ չեմ պատվաստումներին եւ գիտեմ, որ այդ ներարկումները շատ կարեւոր են: Իմ բոլոր երեխաները պատվաստումներ են ստացել: Ես չեմ պնդում, թե պետք չէ երեխաներին ՄՊՎ-ի դեմ պատվաստումներ անել, բայց շատ կարեւոր է, որ այլ ծնողներ իմանան, թե ես ինչի եմ ստիպված եղել բախվել»:

Առայժմ բժիշկները Հոլլիի մոտ ընդամենը շրջափուլային փսխոցի համախտանիշ են ախտորոշել` հազվագյուտ խանգարում, որն առավելապես դիտարկվում է երեխաներ մոտ:  Այս խանգարումով մարդկանց մոտ փսխոցը կարող է ժամեր եւ նույնիսկ օրեր տեւել: Սրման ժամանակահատվածների արանքում նրանք իրենց լիովին նորմալ են զգում, բայց որոշ ժամանակ անց դարձյալ բախվում են փսխոցի: Ներկայումս աղջիկը հզորագույն հակափսխոցային հաբեր է ստանում` դեղեր, որոնք սովորաբար տալիս են քաղցկեղային հիվանդներին, որոնք քիմիաթերապիա են անցնում: