Շարունակական մասնագիտական զարգացման նոր համակարգի ներդրումը, որի շրջանակում բժիշկները եւ բուժքույրերը պետք է մշտապես բարձրացնեն որակավորումը եւ դրա դիմաց կրեդիտային միավորներ ստանան, ոչ միայն չի հանգեցնի Հայաստանի մարզերում բուժաշխատողների թվի կրճատման, այլեւ, ընդհակառակը, խթան կստեղծի շրջաններում աշխատելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Սամվել Սողոմոնյանը:
Նրա խոսքով, շատերը նախընտրում են աշխատել Երեւանում, ոչ թե երկրի մարզերում, որովհետեւ մտածում են, թե մարզերում քիչ են մասնագիտական աճի հնարավորությունները: Ամեն դեպքում այդ մասին են վկայում Հայաստանում մի քանի տարի առաջ անցկացված հարցման արդյունքները:
Սամվել Սողոմոնյանը նշել է, որ կրեդիտային համակարգի ներդրումը ենթադրում է, որ երկրում բոլոր բժիշկները պետք է մշտապես բարելավեն իրենց գիտելիքները եւ հմտությունները եւ մարզային եւ երեւանյան կլինիկաների բժիշկների միջեւ ոչ մի տարբերություն չի լինի. նրանց բոլորին պետք կլինի 5 տարվա ընթացքում 220 կրեդիտային միավոր հավաքել, իսկ դրա համար բոլորին պետք կլինի մասնակցել գիտաժողովների, վարպետաց դասերի, սեմինարների, գիտական հոդվածներ գրել եւ հրապարակել: Այդպիսով երեւանյան եւ մարզային բժիշկները կմասնակցեն նույն միջոցառումներին եւ միանման կզարգանան: Իսկ դա իր հերթին կօգնի ավելի շատ մասնագետների ներգրավել մարզային կլինիկաներ:
Ավելին, եթե նախկինում գիտական միջոցառումների մեծամասնությունը բաժին էր ընկնում Երեւանին, այժմ սկսում են դրանք կազմակերպել նաեւ մարզերում: Վերջին տարվա ընթացքում, նշել է Սամվել Սողոմոնյանը, արդեն մեկից ավելի նման միջոցառում է կազմակերպվել Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում եւ Լեռնային Ղարաբաղում:






