Գիտնականները խորհուրդ են տալիս առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաներին չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին եւ օրական 1000 լրացուցիչ քայլ անել: Ադելաիդայի համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ լրացուցիչ ֆիզիկական ակտիվությունը կարող է բարելավել շաքարախտով տառապող փոքրիկ հիվանդների սրտանոթային համակարգի վիճակը:

Գիտնականները՝ Ալեքսիա Պենյայի գլխավորությամբ, հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 90 երեխաներ: Նրանք ուսումնասիրել են դեռահասների ամենօրյա ֆիզիկական ակտիվությունն ու գնահատել նրանց առողջական վիճակը: Պարզվել է, որ երեխաների 55%-ն օրական առաջարկվող 10 000 քայլերից պակաս են քայլում: Քիչ քայլող երեխաներից շատերի մոտ հայտնաբերվել են աթերոսկլերոզի առաջին նախանշաններ, որոնք տիպիկ չեն մանկահասակ տարիքին: Իսկ նրանց մոտ, ովքեր արել են նշված 10 000 քայլը եւ ֆիզիկապես ակտիվ են եղել, անոթների վիճակն ավելի լավ է եղել:

Հետազոտողները վստահ են, որ լրացուցիչ արվող օրական 1000 քայլը կարող է բարելավել շաքարային դիաբետով հիվանդների սրտանոթային համակարգի վիճակը եւ հետագայում օգնել խուսափել առողջական խնդիրներից: Բացի դրանից, այն երեխաների մոտ, ովքեր սկսել են ավելի շատ քայլել, քաշի նվազեցում եւ արյան ճնշման իջեցում է նկատվել:

Այս հետազոտության ընթացքում գիտնականներին առաջին անգամ հաջողվեց ցույց տալ առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաների առողջական վիճակի կախվածությունը օրական նրանց արած քայլերի քանակից: Նրանք գտնում են, որ ծնողներն ու բժիշկները պետք է ավելի մեծ ուշսդրություն դարձնեն երեխաների ֆիզիկական ակտիվությանը, քանի որ հասարակ զբոսանքներն իրոք կարող են կանխել չափահաս տարիքում սպասվող սրտանոթային համակարգի հետ կապված մի շարք լուրջ խնդիրներ: