ԱՄՆ-ում կիրառության համար հավանության է արժանացել տարրալուծվող պսակաձեւ AbsorbGT1 ստենտը, որը մշակվել է Abbott ընկերության կողմից: Այդ ստենտը տեղադրում են պսակային անբավարարություն ունեցող հիվանդներին եւ այն սկսում է իմունոսուպրեսոր էվերոլիմուս դեղամիջոցը արտազատել, որը խոչընդոտում է սպիների առաջացմանը:
AbsorbGT1-ն ամբողջությամբ տարրալուծվում է տեղադրումից 3 տարի անց, իսկ արյունատար անոթի անցքն այդ ժամանակ լայնացած է մնում նաեւ առանց ստենտի օգտագործման: Ներկայումս օգտագործվող ստենտները մետաղից են պատրաստում, իսկ դա պատրաստված է կենսադեգրադացվող պոլի-L-լակտիդից, որն արդեն օգտագործում էին իմպլանտացվող բժշկական սարքերի համար:
Անցյալ տարի ստենտը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների III փուլը 2008 հիվանդի մասնակցությամբ: Հետազոտողները համեմատել են ավանդական մետաղական ստենտների եւ նոր AbsorbGT1-ի օգտագործման դեպքում բարդությունների ի հայտ գալու հաճախությունը: Տեղադրումից մեկ տարի անց AbsorbGT1-ով հիվանդների մոտ բարդությունների առաջացման հավանականությունը մոտավորապես նույնն էր, ինչ սովորական ստենտով հիվանդների մոտ (համապատասխանաբար` 7,8 տոկոս եւ 6,1 տոկոս): Թրոմբները ձեւավորվել են կենսադեգրադացվող ստենտով հիվանդների 1,54 տոկոսի մոտ եւ մետաղական ստենտով հիվանդների 0,74 տոկոսի մոտ:
Ճիշտ է, AbsorbGT1 ստենտի տեղադրում խորհուրդ չի տրվում այն հիվանդներին, որոնք գերզգայուն են էվերոլիմուսի կամ այն նյութի նկատմամբ, որից պատրաստված է ստենտը: Մնացած դեպքերում այն սովորական ստենտների ոչ վատ այլընտրանք է համարվում:
Հիշեցնենք, որ ստենտները տեղադրվում են նեղացած անոթների անցքը լայնացնելու եւ արյան շրջանառությունը նորմալացնելու համար:






