Ամառը սրտայինների համար տարվա շատ վտանգավոր եղանակ է, չէ որ հենց ամռանն է պատահում բարդությունների, նոպաների եւ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մեծ մասը: Այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել սրտի առողջությունը, պատմել է սրտաբան Գոհար Մարտիրոսյանը:
1. Շատ ջուր խմեք
Շոգին օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում, ինչի արդյունքում արյունը սկսում է խտանալ: Խիտ արյունը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել` վերականգնելու օրգանիզմի ջրային հաշվեկշիռը: Ճիշտ է, շատ ջուր խմել կարելի է միայն առողջ մարդկանց, որոշ հիվանդությունների դեպքում դա հակացուցված է, այդ պատճառով սեփական «ջրային սննդակարգի» փոփոխման մասին որոշում կայացնելուց առաջ, խորհրդակցեք մասնագետի հետ:
2. Ավելի քիչ ճարպ, ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր
Ցանկալի է շոգին խուսափել ճարպոտ մթերքներից. դրանք սրտի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Դրանց փոխարեն, ավելի լավ է նախապատվությունը տալ բանջարեղենին եւ մրգերին, որոնք օրգանիզմի համար օգտակար շատ վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակում:
3. Ինքնուրույն մի փոխեք դեղերի չափաբաժինները
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում ինքնուրույն չփոփոխել դեղերի չափաբաժինները եւ ոչ մի դեպքում չդադարեցնել դեղամիջոցների ընդունումը սեփական որոշմամբ: Եթե Ձեզ թվում է, որ Ձեր նշանակումների մեջ սխալ կա, դիմեք ձեզ բուժող բժշկին, որովհետեւ դեղամիջոցներից ինքնուրույն հրաժարումը կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել:






