Հանգստի եւ ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազանններում առկա է նաեւ քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի բարձր ազդեցության վտանգ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Մանրէները եւ քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետևանքով, աէրոզոլներ շնչելու, լողավազանների, տաք վաննաների թերապիայի ժամանակ, շատրվանների, լճերի, գետերի կամ օվկիանոսների վարակված ջրի հետ կոնտակտի դեպքում: Վտանգը եւ ռիսկերը ներառում են աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակների զարգացումը: Ավելի հաճախ արձանագրվում է փորլուծություն:
Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաեւ վարակիչ, այդ թվում ջրով գործոնով պայմանավորված հիվանդությունների տարածման եւ դեպքերի քանակի վրա, ինչը մի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները տաք եղանակին ջրային միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի:
Մանրէներն արագ են բազմանում նաեւ դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է):






