Կանոնավոր կերպով սեքսով զբաղվելն օգնում է չափից շատ չուտել եւ իրեն լավ վիճակում պահել, պնդում են York University-ի հետազոտողները: Նրանց խոսքով, սեքսով զբաղվելու ընթացքում օքսիտոցին հորմոնն է արտադրվում, որը հայտնի է նաեւ որպես «գրկախառնությունների հորմոն», որն էլ հենց մարդկանց թույլ չի տալիս չափից շատ ուտել:
Ինքը` սեռական ակտը շատ կալորիաներ չի այրում, ընդամենը` ժամում 100 կկալ, ինչն այնքան էլ շատ չէ: Սակայն սեքսով զբաղվելու ընթացքում օրգանիզմում օքսիտոցին հորմոնն է արտադրվում, որը մարդուց խլում է չափից շատ ուտելու պահանջը եւ նրան ներքին բավարարվածության եւ հանգստության զգացում է տալիս: Գիտնականները նաեւ ապացուցել են ուղղակի կապի առկայությունը չափից շատ ուտելու եւ այն գեների միջեւ, որոնց պատճառով օրգանիզմում օքսիտոցինի ցածր քանակություն է արտադրվում:
Օքսիտոցինն օրգանիզմում արտադրվում է օրգազմից հետո. այն ազդում է զուգընկերների միջեւ ներանձնական, հուզական հարաբերությունների առաջացման վրա: Բացի այդ, օքսիտոցինի զգալի քանակություն կնոջ օրգանիզմում արտադրվում է երեխայի ծննդից անմիջապես հետո, ինչը երեխայի հետ հուզական կապ է ստեղծում:
Իսկ այժմ, գիտնականները մարմնի տարբեր զանգված ունեցող 27-ից 50 տարեկան մարդկանց խմբի դիտարկման ընթացքում ապացուցել են, որ օքսիտոցինը ճնշում է ախորժակը: Գիտնականները փորձարկման յուրաքանչյուր մասնակցից արյան անալիզներ են վերցրել նրանց ԴՆԹ-ի ուսումնասիրման համար: Պարզվել է, որ ԴՆԹ-ում օքսիտոցինի ռեցեպտորի գենը (OXTR) տարբեր մարդկանց մոտ տարբեր է եւ իրենից եզակի նուկլեոտիդի պոլիմորֆիզմի օրինակ է ներկայացնում: Հենց դա էլ ազդում է չափից շատ ուտելու հակման վրա: Սակայն սննդի օգտագործման նկատմամբ գենետիկ կանխատրամադրվածություն ունեցող մարդիկ հաջողությամբ հաղթահարում են իրենց անառողջ հակումները օքսիտոցինի ավելի բարձր մակարդակի դեպքում:






