Քանզասցի 20-ամյա Դանեշա Քոուչը ընդամենը երկու տարում երեք զույգ երկվորյակ է ունեցել: Նրա դուստրերը՝ Դարլան եւ Դոլանին, լույս աշխարհ են եկել 2016 թվականին: Դրանից մոտ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի մայիսին Դանեշան եւս երկու դուստր էր ունեցել՝ Դելայլային եւ Դավինային, իսկ 2014-ի ապրիլին ծնվել են նրա երկվորյակ որդիները՝ Դեսմոնդն ու Դանարիուսը, չնայած տղաներից մեկը, ցավոք, ծնվելուց հետո կարճ ժամանակ անց մահացավ:
Հետաքրքիր է, որ Դանեշա Քոուչը երկվորյակներով է հղիացել առանց ձվազատումը խթանող դեղամիջոցների: Բոլոր երեխաները ծնվել են կեսարյան հատմամբ:
Մանկաբարձ-գինեկոլոգ Մարջորի Գրինֆիլդը բացատրել է, որ Դանեշայի մոտ միաժամանակ հասունանում են երկու ձվաբջիջները, ինչը եւ մեծացնում է երկվորյակներով բեղմնավորվելու հավանականությունը:
Դանեշան նշել է, որ եւ՛ ինքը, եւ՛ ամուսինը բազմազավակ ընտանիքի երեխաներ են, բայց ո՛չ իր, ո՛չ ամուսնու ընտանիքում երկվորյակներ չեն եղել:
Այժմ նա ստիպված է ամեն օր 35 փամփերս փոխել: Չնայած կրտսեր դուստրերը կրծքով են կերակրվում, մյուս երեխաների համար անհրաժեշտ է արհեստական կեր գնել, ինչի համար Քոուչ ընտանիքը շաբաթական 100 դոլար է ծախսում:
Այդուհանդերձ, Դանեշան իրեն երջանիկ կին է համարում եւ երախտապարտ է ճակատագրին, որ կարողացել է մայրանալ:






