Անգլիական Նոթինգհեմշիրից Քեթ Բեյլին հղիության ընթացքում շարունակել է ակտիվորեն զբաղվել սպորտով եւ պարերով: Նույնիսկ այն ժամանակ, երբ պտղաջրերը գնացել են եւ ցավեր են սկսվել, նա որոշել է պարել եւ ուղղահայաց շպագատ է կատարել:
Քեթը, որը ձողի վրա պարի ուսուցիչ դարձած համալսարանի նախկին դասախոս է, օգոստոսի 1-ին Facebook-ի իր էջում ոգեշնչող տեսանյութ է տեղադրել, որն արդեն տասնյակ հազարավոր օգտատերեր են դիտել: Քեթն իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է բոլորին ապացուցել, որ ինքը կկարողանա այդ վարժությունները կատարել նույնիսկ ծննդաբերական ցավերի պայմաններում:
«Դե ինչ, այժմ իմ ցավերը պաշտոնապես սկսվել են,-գրել է Քեթը: Ես դեռեւս մի քանի ժամ ունեմ մինչեւ հիվանդանոց գնալը եւ մտածեցի ցավերի արանքում ձողով պարեր կազմակերպել»:
Իր վարժության ավարտական մասում կինը հորիզոնական շպագատ է արել: Դրանից հետո նա սահուն իջել է երկու ոտքի վրա եւ արտաբերել. «Ահա: Այժմ երեխան կարող է դուրս գալ»:
Դեռեւս 2011 թվականին Քեթը ձողով պարերի սեփական դասընթացն է կազմակերպել: Համացանցում նա ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ մարզում է կազմակերպել հղիության ութերորդ ամսում: Շատ օգտատերեր աջակցել են նրան, ուրիշները սկսել են ասել, որ նրա մարզումները վտանգավոր են երեխայի համար: Քեթն ակտիվորեն հակաճառել է վերջիններին` պնդելով, թե սպորտը կարող է միայն օգուտ բերել երեխային:
Նշենք, որ բժիշկները ընդհանուր առմամբ ողջունում են հղիության ընթացքում ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը: Սակայն նման ծանրաբեռնվածությունը թույլատրելի է սոսկ այն դեպքում, եթե հղիությունը չի ուղեկցվում բարդություններով: Կարծիք կա, որ կանոնավոր մարզումները, հատկապես կոնքի մկանների ամրապնդման համար, բնական ծննդաբերությունը պակաս ցավոտ են դարձնում:
Քեթի տեսանյութը հնարավոր է դիտել նրա էջում, վերը նշված հղումով: Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե ծննդաբերությունն ինչպես է անցել եւ թե երեխան իրեն ինչպես է զգում:








