Երկու տարեկան Քեմբրի Հեյնսլին ծնվել է հազվագյուտ հիվանդությունով, որի պատճառով նա կրկնակի շատ երակներ ունի, քան պետք է, իսկ երակներն էլ նորմայից շատ ավելի խոշոր են: Ցանկացած պահի աղջիկը կարող է մահանալ տրոմբի պատճառով, ասում են բժիշկները:

Կլիպել Տրենոնեի համախտանիշը, որով տառապում է Քեմբրին, ախտահարում է աշխարհում 100 000-ից մեկին: Այն ազդում է արյունատար անոթների, փափուկ հյուսվածքների ու ոսկորների զարգացման վրա: Հիվանդությունը նրան շատ ցավ ու անհարմարություն է պատճառում, իսկ արյան հոսքի ավելացումը մշտական այտուցներ է առաջացնում, ինչը մահացու վտանգավոր տրոմբերի սպառնալիք է ստեղծում: Սակայն նույնիսկ բժիշկները ոչ մի կանխատեսում չեն անում այն մասին, թե ինչ է նրան սպասում, քանի որ Կլիպել Տրեննոնեի համախտանիշի յուրաքանչյուր դեպքը բացառիկ է:

Այսօր աղջկա ձախ ոտքը գրեթե 5 սմ-ով լայն է աջից ու երկուսուկես սանտիմետրով երկար: Նման անհամաչափության պատճառով աղջիկը հաճախ է ընկնում, առավել եւս որ նրա մի ոտքը մյուսից ծանր է: Նա ստիպված է հատուկ օրթոպեդիկ կոշիկ հագնել, որը կայունացնում է նրա հավասարակշռությունը:

«Ես շատ եմ վախենում իմ դստեր համար, բայց ես գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ,- պատմել է Քեմբրիի մայրը՝ 32-ամյա Էշլին,- Ամեն օր մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ է պատահել իմ դստեր ոտքերի հետ: Ես դրանից մի քիչ նեղվում եմ, բայց ոչինչ չեմ կարողանում նրանց բացատրել: Դուստրս, միեւնույն է, մեր հիասքանչ ու շատ ուժեղ հրեշտակն է, որը սիրում է պարել ու շատ շարժվել»:

Քեմբրիի ծնվելուց արդեն մի քանի վայրկյան հետո բժիշկները նրա ոտքի վրա արտասովոր նշան էին նկատել: Սկզբում Էշլին նշանակություն չէր հաղորդել դրան, քանի որ ուզում էր հնարավորինս շուտ գրկել իր դստերը: Բայց բժիշկները հասկացել են, որ այդ նշանը կարող է վկայել ավելի լուրջ առողջական խնդիրների մասին ու որ երեխային պետք է հետազոտել:

Հաջորդ օրը աղջկան հետազոտել էին մանկաբույժները ու մաշկաբանները, բայց ոչ մի ընդհանուր եզրակացության չէին հանգել ախտորոշման հարցում: Միայն 8 օր անց՝ արդեն մասնագիտացված մանկական հիվանդանոցում բժիշկները կարողացել էին ճիշտ ախտորոշում դնել: Հիվանդությունը, ավաղ, անբուժելի է, չկա ոչ մի հատուկ բուժում, իսկ բարդացումները կարող են մահացու վտանգավոր լինել:

Բժիշկները լազերային թերապիա էին արել աղջկա ոտքի մաշկն ամրացնելու համար, նաեւ սկլերոթերապիա որոշ փոքր երակների փակման համար: Պլաստիկ վիրաբույժները իրենց հերթին աղջկան ազատել էին որոշ ավելորդ երակներից, որոնք կարող են թրոմբերի պատճառ դառնալ: Բայց այդ բոլոր բուժակարգերի ու վիրահատությունների համար ընտանիքին մշտապես փող է պետք, ու Քեմբրիի ծնողները այն հավաքում են ինտերնետի միջոցով: