Ոչ ոք չի կարող ասել՝ հնդկական Diazon-ն օրիգինալի (եվրոպական DiabetonMR) ճշգրիտ կրկնօրինակն է, թե ոչ, եւ սա ներկայիս ամենացավոտ հարցերից է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվդոկիմովի անվան բժշկական-ատամնաբուժական պետական ինստիտուտի շաքարախտաբանության եւ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ բժիշկ, պրոֆեսոր Աշոտ Մկրտումյանը՝ ի պատասխան այդ երկու դեղամիջոցների միջեւ համեմատական անցկացնելու խնդրանքին: Զրույցը տեղի ունեցավ ADVANCMasterMeeting երրորդ տարածաշրջանային բժշկական կոնֆերանսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում Servie ֆրանսիական դեղագործական ընկերության ներկայացուցչությունը: Այն անցկացվեց Երեւանում:

- Diazon-ը ջեներիկների (դեղամիջոց, որը վաճառվում է կամ միջազգային չպատենտավորված անունով կամ դեղամիջոցի մշակողի ֆիրմային անունից տարբերվող պատենտավորված անունով՝ խմբ.) բնօրինակի կրկնօրինակն են, թե ոչ՝ այս հարցին ոչ ոք չի պատասխանի: Սա ներկայումս ամենացավոտ հարցերից մեկն է: Ջեներիկ արտադրող ընկերությունները հենվում են օրիգինալ դեղամիջոցների հետազոտության արդյունքում ստացված տվյալների վրա, եւ դրանք վերագրում իրենց արտադրանքին: Դա ճիշտ չէ: Ասելու համար, որ դեղամիջոցն արդյունավետությամբ  լիովին համապատասխանում է բնօրինակին, անհրաժեշտ է համեմատական հետազոտություններ կատարել, եւ միայն այդ դեպքում կարելի է խոսել դրանց լիարժեք համապատասխանության մասին: Հակառակ դեպքում՝ բնօրինակին համապատասխանության մասին խոսելը մեծ սխալ է: Ինչպե՞ս կարելի է պարզել՝ ջեներիկը եւ օրիգինալ դեղամիջոցը երկվորյակնե՞ր են, թե՞ նմանակներ: Թե՞ բոլորովին տարբեր դեղամիջոցներ են:

Երբ ջեներիկի եւ օրիգինալ դեղամիջոցի բաղադրությունների անկախ ուսումնասիրություն են կատարել, պարզվել է, որ ջեներիկները խառնուրդներ են պարունակում, որոնք չկան բնօրինակի մեջ: Ընդ որում՝ դրանք տասից ավել են: Իսկ դրանք վատացնում են ֆարմակոկինետիկան (օրգանիզմում դեղի քիմիական փոխակերպումները՝ խմբ.):

Բացի դրանից՝ դեղամիջոցը կարելի է տարբեր ճանապարհներով սինթեզել:  Իսկապես, որոշ ժամանակ անց օրիգինալ դեղամիջոցի արտադրող-ընկերությունը զրկվում է մենաշնորհից, եւ դեղի բանաձեւը հասանելի է դառնում բոլոր արտադրողներին: Բայց ինչ ճանապարհով է արվում սինթեզը՝ ֆերմենտատիվ, քիմիական, թե այլ՝ այդ գաղտնիքն ընկերությունը չի բացահայտում:

- Իսկ ի՞նչ են ցույց տալիս Diazon դեղամիջոցի կլինիկական ուսումնասիրությունները, եթե այդպիսիք կան:

- Ջեներիկները, մասնավորապես՝ Diazon-ը, իհարկե, որոշակի ազդեցություն ունեն: Հակառակ դեպքում՝ դրանք ոչ մի դեպքում չէին գրանցի եւ վաճառքի չէին հանի: Ապացույցներ կան, որ այդ հաբերը նվազեցնում են գլիկոզիլացված հեմոգլոբինը, շաքարը: Իսկ դրանք կողմնակի ազդեցություններ ունեն, թե ոչ՝ այլ հարց է:

Այս կամ այն դեղամիջոցը կարող է արագացնել կամ դանդաղեցնել ինսուլինից կախվածության առաջացումը: Կան հաբեր, որոնք թեթեւ ազդեցություն են ունենում ենթաստամոքսային գեղձի վրա եւ դանդաղեցնում են անցումն ինսուլինաթերապիային: Կան նաեւ այնպիսիք, որ արագ են հյուծում ենթաստամոքսային գեղձը եւ արագացնում են այդ անցումը: Մասնավորապես՝ Մանինիլը:

- Diazon-ը ե՞ւս արագացնում է անցումն ինսուլինաթերապիայի:

- Ինչ վերաբերում է Diazon-ին՝ եթե այն լիովին համապատասխանի Diabeton-ին, ապա, բնականաբար, կդանդաղեցնի անցումը: Հիմա, քանի որ համապատասխան հետազոտություններ չկան, հնարավոր չէ դրանք համեմատել: Նույնիսկ Եվրոպայում արտադրված ոչ մի ջեներիկ չի կարելի համեմատել բնօրինակի հետ:

Յանա Ավչիյան