Լոնդոնի բնակչուհին բժիշկներին ստիպել է հավատալ, որ իր երեխաները տառապում են մի շարք հիվանդություններով: Դա նրան թույլ է տվել  10 տարի շարունակ 375 000 ֆունտ ստանալ որպես սոցիալական նպաստ: Կինը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ նման խարդախության յուրօրինակ ռեկորդ է սահմանել եւ հաջորդ   7 ու կես տարին բանտում կանցկացնի: 

Կնոջ փոքր տղան եւ աղջիկը բուժման  ցավոտ եւ անպետք տարատեսակների էին ենթարկվում, ներառյալ կոլոստոմայի տեղադրումը: Նրա որդուն ստամոքսի  20 տոկոսով կրճատման վիրահատություն են կատարել, որն անշրջելի  է: Միաժամանակ նա գրեթե մինչեւ ութ տարեկան հասակը տակդիրներ է կրել: 

Այդ կնոջ դստերն օրը երկու անգամ ձողիկով են կերակրել, չնայած նա շատ հանգիստ կարող էր սնունդ ընդունել: Բնականաբար երկու երեխային էլ թույլ չէր տրվում ֆիզկուլտուրայով զբաղվել, նրանք չէին կարող խաղալ այլ երեխաների հետ իբր այն պատճառով, որ տառապում էին ծանր հիվանդություններից: Բժիշկները համոզված էին, որ այդ կնոջ երեխաներն աուտիզմով, ասթմայով, ուրոլոգիական հիվանդություններով եւ աղեստամոքսային խանգարումներով են տառապում: Երբ խարդախությունը բացահայտվել է, կնոջը դատի են տվել: 

Մեղադրողի ելույթում ասվում էր, որ կինը երկրի պատմության մեջ սոցիալական նպաստների հետ կապված ամենախոշոր խարդախությունն է կատարել: Բայց հարցն այնքան պետության ֆիզիկական կորուստները չեն, որքան այն բազմաթիվ տառապանքները, որոնց նա ենթարկում էր  սեփական երեխաներին հանուն այն բանի, որ  չաշխատեր եւ նպաստ ստանար:  Հատկապես մեծ վնաս է հասցվել տղայի առողջությանը:  

Նա այլեւս երբեք չի տեսնի իր երեխաներին, որովհետեւ դատարանը նրան զրկել է ծնողական իրավունքներից: