8-ամյա Նոնան այսօր առավոտյան դասավորել է դպրոցական պայուսակը՝ այնտեղ դնելով տետրեր, մի քանի գրիչ եւ մատիտներ: Նրա բոլոր ընկերներն այսօր դպրոց են գնացել, սակայն Նոնան դպրոցական պայուսակով հիվանդանոց է եկել:
«Ընկեր Անի, ես դպրոց եմ եկել», - բացականչել է նա՝ իր ուսուցչուհուն տեսնելով:
Նոնան (անունը փոխված է նրա ծնողների խնդրանքով) արդեն մի քանի ամիս է բուժվում է լեյկոզի դեմ եւ դպրոց չի հաճախում: Նույնիսկ սեպտեմբերի 1-ը նա ստիպված էր հիվանդանոցային մահճակալին անցկացնել՝ թեւին միացված կաթիլայինով: Նոնան այդ ամիսների ընթացքում առանց ուսման չի մնացել. նրա հետ պարապել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հաստիքային ուսուցիչը. այնտեղ է Նոնան բուժում ստանում:
Աղջկա մայրը NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, որ Նոնան դպրոցում լավ է սովորել եւ այժմ չի ցանկանում ընկերներից ետ մնալ, այդ պատճառով կես տարվա ընթացքում հաճույքով սովորել է «հիվանդանոցային դպրոցում», որը դպրոցական փոքրիկ նստարաններով, գրքերով եւ խաղալիքներով հատուկ աշխատասենյակ է: Այստեղ Նոնան սովորել է այն ամենը, ինչ իր համադասարանցիները, հետեւաբար դպրոց վերադառնալուց հետո նրանց հասնելու խնդիր չի ունենա:
Մայիսին Նոնան հիվանդանոցում հաջողությամբ ավարտել է երկրորդ դասարանի ծրագիրը, առաջադիմության թերթիկ է ստացել եւ պաշտոնապես փոխադրվել է երրորդ դասարան: Մինչեւ տարեվերջ նա այստեղ՝ հիվանդանոցում կսովորի, իսկ հունվարին, երբ նրա բուժումն ավարտվի, կկարողանա վերադառնալ իր դպրոց:
Ոսուցչուհի Անի Հովհաննիսյանն արդեն 16 տարի այս կենտրոնում է աշխատում: Փոքրիկ հիվանդներին նա սովորեցնում է այն ամենը, ինչ նրանք պետք է դպրոցում սովորեին, օգնում է նրանց տնային հանձնարարությունները կատարելիս եւ թեստեր ու քննություններ հանձնելուն պատրաստվելիս: Եղել են դեպքեր, երբ 6-7 տարեկան երեխաները առաջին դասարանի ծրագիրը նրա հետ են յուրացրել, իսկ ապաքինվելուց հետո հիմնական դպրոց են հաճախել միանգամից երկրորդ դասարանում սովորելով:
Մանկավարժի խոսքով՝ որոշ երեխաներ ուրախանում են՝ իմանալով, որ հիվանդանոցում էլ կարող են սովորել: Նոնան հենց այդպիսի երեխաների թվին է պատկանում: Մյուսները վշտանում են եւ կես կատակ-կես լուրջ ասում, թե մտածում էին գոնե հիվանդանոցում դպրոցից կազատվեին: Ուսման հանդեպ այդ երեխաների վերաբերմունքը որոշ ժամանակ անց սովորաբար փոխվում է. նրանք հասկանում են, որ սովորելն այնքան էլ վատ չէ, դրանից բացի նրանք ուշադրության կենտրոնում են եւ անհատական մոտեցում են ստանում, որը, հավանաբար, չի եղել հիմնական դպրոցում: Նրանց ոչ ոք չի ստիպում առաջին իսկ օրը նստել գրքի առջեւ. ուսման հանդեպ հետաքրքրությունը նրանց մեջ աստիճանաբար է ներարկվում՝ խաղերի եւ զվարճալի զբաղմունքների միջոցով:
Մասնագետը նշում է, որ երեխաներից ոմանք ծանր են հաղթահարում բուժումը, եւ նրանց հետ կանոնավոր պարապելը շատ բարդ է: Այդուհանդերձ, դեռ չի եղել այնպիսի դեպք, որ երեխաներից մեկը ստիպված լիներ հաջորդ տարի եւս սովորել նույն դասարանում:
Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանը NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, որ այսօր հիվանդանոցային բուժում է ստանում 25 երեխա, որոնցից 23-ը դպրոցահասակ են: Նրանք, ում առողջական վիճակը դա թույլ է տվել, այսօր դպրոց են հաճախել՝ ուսուցիչներին եւ ընկերներին տեսնելու, այնուհետեւ վերադարձել են հիվանդանոց:
Այդ երեխաների թվում է 7-ամյա Արսենը, որն այսօր առաջին անգամ է դպրոց գնացել՝ առաջին դասարան: Հիվանդանոց վերադառնալով՝ նա անմիջապես մտավ «դպրոցական աշխատասենյակ» եւ ուսուցչին ու հոգեբանին խնդրեց իր հետ խաղալ եւ զբաղվել:
Անի Հովհաննիսյանը հիմնականում ցածր դասարանների աշակերտների հետ է աշխատում: Նրա խոսքով՝ դա երեխայի կյանքում շատ կարեւոր ժամանակաշրջան է, եւ եթե նա ինչ-որ բան չսովորի, բաց թողած գիտելիքները շատ դժվար կլինի լրացնել: Այդ պատճառով անչափ կարեւոր է, որպեսզի երեխաները սովորեն, նույնիսկ հիվանդանոցում գտնվելով:
Տարիքով ավելի մեծ երեխաները եւս ջանում են ետ չմնալ, բայց նրանք ավելի հաճախ ինքնուրույն են պարապում, կամ դպրոցը հնարավորություն ունենալու դեպքում նրանց համար տնային ուսուցում է կազմակերպում: Չնայած հաճախ բարձրդասարանցիներն էլ են դասերը պատրաստելիս Անի Հովհաննիսայնի օգնությանը դիմում:
Այդպիսի բարձրդասարանցիներից մեկը Նարեկն է: Նա 14 տարեկան է եւ այս տարի 9-րդ դասարան է փոխադրվել: Չնայած այսօր կատարված պունկցիայից հետո նրա ինքնազգացողությունը վատ էր, Նարեկը չհրաժարվեց խոսել, եւ պատմեց, որ այսօր դպրոցում ուսման առաջադիմության համար հատուկ պատվոգիր պիտի ստանար, սակայն դպրոց գնալ չէր կարող, եւ Նարեկը սարսափելի վշտացած էր, որ իր պարգեւը կարող էր մեկ ուրիշը ստանալ, այլ ոչ անձամբ ինքը:
Նարեկը նաեւ խոստովանեց, որ դպրոցը շատ է կարոտում, հատկապես իր առաջին ուսուցչուհուն՝ Ն. Շաքրյանին, ում հետ մինչ օրս շարունակում է շփվել:
«Ես կցանկանայի այսօր մեր գյուղ վերադառնալ եւ դպրոց գնալ, հանդիպել ուսուցիչներիս: Ուսուցիչներս էլ են ասում, որ ես շուտ վերադառնամ», - խոստովանեց Նարեկը:
Նա հույս ունի, որ արագ կապաքինվի եւ այնուամենայնիվ դպրոց կվերադառնա, եւ իհարկե՝ վերջապես կստանա վաստակած պատվոգիրը:






