Biogen ընկերությունը Ալցհեյմերի հիվանդության դեմ նոր դեղամիջոց է մշակում: Ադուկանումաբը, որը պատրաստված է մոնոկլոնալ հակամարմինների հիմքով, արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը ամիլոիդային գնդիկների դեմ պայքարում, որոնք առաջանում են հիվանդների գլխուղեղում:

Հարկ է նշել, որ դեղամիջոցը դեռ փորձարկվել է միայն հիվանդների փոքր խմբի վրա ու դրա արդյունավետության հաստատման համար ավելի լայնածավալ հետազոտություն է պահանջվում: Այդուհանդերձ մշակող ընկերության ներկայացուցիչները համարում են, որ դեղը մեծ ապագա ունի:

Ալցհեյմերի հիվանդության դեպքում հիվանդների գլխուղեղում սպիտակուցային կուտակումներ՝ ամիլոիդային գնդիկներ են առաջանում, որոնք հնարավոր է հայտնաբերել ՄՌՏ հետազոտության ժամանակ: Շատ գիտնականներ համարում են, որ բետա ամիլոիդները թունավոր ազդեցություն են թողնում գլխուղեղի նեյրոնների վրա, ինչը հանգեցնում հիշողության կորստի ու այլ խանգարումների, որոնք բնորոշ են այդ հիվանդությանը: Արդյունավետ դեղորայք, որն ունակ է պայքարել Ալցհեյմերի հիվանդության դեմ, դեռ գոյություն չունի,իսկ շատ դեղեր,որոնք հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա, մարդկանց չեն համապատասխանում:

Այդ դեղամիջոցի ստեղծման համար գիտնականները ուսումնասիրել են, թե ինչ է կատարվում այն տարեց մարդկանց գլխուղեղում,որոնք մտավոր խանգարումներով չեն տառապում, ու նրանց ուղեղում, որոնց մոտ այն դանդաղ զարգանում է: Այս ձեւով  նրանք գլխուղեղում հայտնաբերել են միացություն, որի հիմքով էլ հենց ստեղծել են ասուկանումաբը:

Սկզբում նրանք դեղը փորձարկել են կենդանիների վրա, որից հետո փորձարկումներ արել Ալցհեյմերի հիվանդությամբ միջին ծանրության 165 հիվանդների վրա: Մեկ ամիս շարունակ մասնակիցներին պլացեբո կամ փորձնական դեղամիջոց են ներարկել, կանոնավոր սկանավորելով գլխուղեղը: Պարզվել է, որ ասուկանումաբի ներարկումները առաջացնում էին գլխուղեղում ամիլոիդային գնդիկների կտրուկ նվազում: ՄՌՏ հետազոտությունը, որը անցկացվել է փորձից մեկ տարի հետո, ցույց է տվել գլխուղեղում գնդիկների բացակայություն՝ դրանք պարզապես անհետացել էի դեղորայքի ներգործության տակ:

Սակայն ամեն ինչ այդքան հեշտ ու լավ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից՝ դեղորայքը ունի լուրջ թերություններ՝ մասնավորապես այն հիվանդները, որոնց մոտ կա APOE գենի տարբերակներից մեկը, որն ասոցացվում է հիվանդության զարգացման բարձր ռիսկի հետ, կարող են դրա պատճառով լուրջ բարդացումների վտանգի առաջ կանգնել:  Չնայած հեղինակները պնդում են, որ գլխուղեղի կանոնավոր սկանավորման դեպքում դրանք կարելի է ժամանակին նկատել ու նվազեցնել դեղի նշանակված չափաբաժինը:

Գիտնականները նպատակ չունեին ցույց տալ, որ դեղը ազդում է մտավոր ունակությունների վրա, սակայն համարում են, որ այն իրոք դանդաղեցնում է հիվանդության զարգացումը: