Ննջասենյակում օդը մաքրող սարքի տեղադրումը կարող է օգնել նախադիաբետ ունեցող մարդկանց ավելի լավ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։ Նման եզրահանգման են եկել Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի անվան բժշկական դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Heart Journal պարբերականում։

Գիտափորձին մասնակցել է նախադիաբետ ունեցող ավելի քան 150 տղամարդ և կին. դա մի վիճակ է, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը գերազանցում է նորման, բայց դեռ չի հասել շաքարային դիաբետի շեմին։ Մասնակիցներին պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի անդամները մեկ ամիս շարունակ քնել են HEPA-ֆիլտրերով հագեցած օդը մաքրող սարքերով սենյակներում, իսկ մյուսները՝ իմիտացիոն սարքերով, որոնք իրականում օդը չեն մաքրել։

HEPA-ֆիլտրը (High Efficiency Particulate Air՝ մասնիկների բարձր արդյունավետությամբ պահում) բարձր արդյունավետության հատուկ օդային զտիչ է, որը նախատեսված է օդում առկա մանրագույն պինդ մասնիկները՝ փոշին, ծաղկափոշին, բորբոսասնկերի սպորները, բակտերիաները և PM2.5/PM10 միկրոմասնիկները որսալու համար։

Իրական ֆիլտրերով սենյակներում օդում կախված մանր մասնիկների կոնցենտրացիան նվազել է 36%-ով։ Միևնույն ժամանակ, այդ խմբի մասնակիցների մոտ գրեթե 8%-ով կրճատվել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի օրական տատանումները։

Ամենաարտահայտված արդյունքը հետազոտողներն արձանագրել են նախաճաշից հետո. ուտելուց հետո շաքարի մակարդակի աճը նվազել է մոտ 17%-ով, իսկ դրա առավելագույն ցուցանիշները՝ 13%-ով։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ աղտոտված օդի ազդեցության նվազեցումը կարող է բարենպաստ անդրադառնալ գլյուկոզայի փոխանակության վրա։ Այսպիսով, ննջասենյակում օդը մաքրող սարքի կիրառումը կարող է դառնալ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը պահպանելու լրացուցիչ միջոց՝ ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանն ու նշանակված բուժմանը զուգահեռ։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք օդի կանոնավոր մաքրումն օգնում է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները կամ ուղղակիորեն կանխել բուն շաքարային դիաբետի զարգացումը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։