Դուք հաճախ հենց առավոտից հոգնածություն եք զգում, առանց լուրջ պատճառների գիրանում եք եւ դժվարությա՞մբ եք կենտրոնանում: Այդ բոլոր ախտանիշները գուցե մատնանշում են, որ Դուք ձեր քունը չեք առնում, նույնիսկ եթե, թվում է, թե բավականաչափ երկար եք քնում:
Ահա մի քանի ախտանիշ, որոնք քիչ քնելու եւ խրոնիկական հոգնածության մասին են վկայում.
1. Քաղցի մշտական զգացում
Եթե Դուք անընդհատ ուզում եք ուտել, ընդ որում, ամենից ավելի գրավիչ են թվում ճարպոտ եւ քաղցր մթերքները, գուցե Դուք ուղղակի լավ չեք քնում: Sleep Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ քիչ քնելը կապված է սթրեսային մեխանիզմների ակտիվացման հետ, որոնք ավելացնում են քաշը եւ հորմոնային փոփոխություններ են առաջացնում, որոնք հանգեցնում են այսպես կոչված «սփոփող սնունդ» ընդունելուն:
2. Ավելորդ կիլոգրամներ
Քաշի անբացատրելի ավելացումը եւս կարող է կապված լինել քնի պակասի հետ: Երբ մարդը լավ չի քնում, նրա օրգանիզմում մեծ քանակությամբ քաղցի գրելին հորմոն է արտադրվում: Եվ դա մեզ ստիպում է զգալիորեն ավելի շատ սնունդ օգտագործել, քան դա անհրաժեշտ է: Հատկապես արագ գիրանում են քիչ քնած մարդիկ, որոնք քիչ շարժական կյանք են վարում:
3. Աշխատանքի ցածր արտադրողականություն
Քնի սահմանափակումը բացասաբար է ազդում մարդու մտածողական գործառույթների եւ աշխատունակության վրա: Այդ խնդիրն այսօր լայնորեն տարածված է երիտասարդ մարդկանց շրջանում. քնի պակասը նվազեցնում է նրանց եկամտի մակարդակը, բարձրացնում է ուսման մեջ անհաջողությունների հավանականությունը, որովհետեւ նրանց համար ավելի դժվար է լինում կենտրոնանալ եւ արդյունավետորեն աշխատել կամ սովորել:
4. Գլխացավեր
Կանոնավոր գլխացավերը, հատկապես եթե դրանք սկսվում են առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո, եւս կարող են քնի պակասի նշան լինել:
5. Դյուրագրգռություն
Եթե Դուք սկսել եք ամեն փոքր առիթով նյարդայնանալ, դրանում կարող է մեղավոր լինել քնի պակասը: Քնի քանակի եւ որակի նվազումը մարդուն ագրեսիվ, անհանդուրժող եւ ոչ համարժեք է դարձնում:
6. Լիբիդոյի նվազում
Որքան ավելի քիչ եք քնում գիշերը, այնքան քիչ եք ուզում սեքսով զբաղվել: Դա հատկապես ճիշտ է տղամարդկանց վերաբերյալ, որոնց մոտ հորմոնային փոփոխություններ են սկսվում քնի մեջ օբստրուկտիվ ապնոեի եւ այլ խրոնիկական խանգարումների դեպքում, որոնք ազդում են քնի որակի վրա: Քիչ քնելը նվազեցնում է տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը` բացասաբար ազդելով նրանց սեռական գործառույթի եւ լիբիդոյի վրա:
7. Բերանում չորություն
Շատ հաճախ քնի մեջ օբստրուկտիվ ապնոեով տառապող մարդիկ արթնանում են բերանում չորությամբ. դա տեղի է ունենում քնի ընթացքում շնչառության ընդհատումների պատճառով: Եթե Ձեր բերանում առավոտից չորություն կա, գուցե արժե ներկայանալ բժշկին եւ ստուգել, թե արդյոք ապնոե չունեք:






