Երեւանում մեկնարկել է «Երեխաների սննդի հարցերով գլոբալ ֆորումը», որը 18-րդն է եւ որին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել են աշխարհի 45 երկրից բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ նախարարներ: Քառօրյա ֆորումի ընթացքում նրանք կքննարկեն դպրոցական սննդի խնդիրներ եւ հարցեր, ինչպես նաեւ կայցելեն հայկական դպրոցներ, որպեսզի սեփական աչքով տեսնեն եւ գնահատեն, թե այնտեղ ինչպես է կազմակերպված ցածր դասարանցիների սնունդը:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ներածական ելույթում նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է այս ֆորումին մասնակցությունը, քանի որ դա հնարավորություն է տալիս գնահատել այն ուղին, որը մենք անցել ենք անկախության տարիների ընթացքում եւ նշել ապագայի համար գերակա ուղղությունները:
Երեխաների սննդի համաշխարհային հիմնադրամի Քաղցի դեմ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշ երկրներում այսօր սննդի պակասի լուրջ խնդիր կա, այլ երկրներում սնունդ կա, բայց սխալ է, ինչի հետեւանքով երեխաներն այնուամենայնիվ չեն ստանում նորմալ զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը: Մասնագետի խոսքով, 45 երկրի ներկայացուցիչներ ֆորումի շրջանակում կքննարկեն, թե երեխաներն ինչ պետք է ուտեն դպրոցներում: Դպրոցական ճիշտ սնունդը կարեւոր է նաեւ նրա համար, որ սննդի մասին գիտելիքները եւ ճիշտ սովորությունները երեխաներն իրենց հետ տուն կտանեն, ինչը դրականորեն կազդի նրանց հետագա ամբողջ կյանքի վրա:
Երեխաների սննդի համաշխարհային հիմնադրամի նախագահ Ջին Ուայթը եւս լրագրողների հետ զրույցում ընդգծել է դպրոցներում երեխաների ճիշտ սննդի կարեւորությունը` ուշադրություն դարձնելով մի հետաքրքիր փաստի. երբ դպրոցում երեխաներին կերակրում են, եւ տղաները, եւ աղջիկները ավելի հաճույքով են դպրոց գնում:
Մասնագետի խոսքով, դպրոցական սննդի ծրագիրը բավականին լավ է իրացվում Հայաստանում. այլ լավ օրինակների թվում նա նշել է Չիլին, Բրազիլիան եւ ԱՄՆ-ն: ԱՄՆ-ում, մասնավորապես, դպրոցական սննդի համար այնպիսի մթերքներ են օգտագործում, որոնք աճեցվել են հարեւանությամբ ապրող ֆերմերների կողմից: Դպրոցական սննդի նման կազմակերպվածությունը շահավետ է բոլոր կողմերի համար. ֆերմերները հնարավորություն են ստանում իրացնելու իրենց արտադրանքը, իսկ երեխաները դպրոցներում որակյալ եւ թարմ մթերքներ են ստանում:
Նշենք, որ որպես ֆորումի կազմակերպիչներ են հանդես գալիս Հայաստանի կառավարությունը, «Երեխաների սննդի համաշխարհային հիմնադրամը» եւ WFP գերազանցության կենտրոնը WFP (Բրազիլիա): Նախորդ ֆորումները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հարավային Աֆրիկայում, Քենիայում, Եթովպիայում եւ Բրազիլիայում:






