39-ամյա պակիստանցի Աբդուլ Ջաբբար Տունիոն, որը տառապում է մորբիդային ճարպակալումով ու 264 կգ է կշռում, անսպասելիորեն կաթվածահար է եղել: Բժիշկները դեռ չեն կարողանում հասկանալ այդ կաթվածի պատճառը ու գտնել դրա բուժումը:
Վերջին 2 ամիսներին տղամարդը զրկված էր շարժվելու, խոսելու ու սնունդ ընդունելու հնարավորությունից: Տեղի բժիշկները, զննելով նրան, այդպես էլ միասնական կարծիքի չեն հանգել այն մասին, թե ինչն է եղել կաթվածի պատճառը: Ավելի ուշ Կարաչիում Jinnah Postgraduate Medical Centre հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկները առաջարկել են ամբողջական հետազոտություն անցկացնել, բայց նույնիսկ նրանք առայսօր չեն հասկանում, թե ինչ է կատարվել Աբդուլի հետ:
Հետաքրքիր է, որ Աբդուլի ճարպակալումը սկսվել է ոչ թե մանկուց, այլ արդեն չափահասությունից հետո: 18 տարեկանում Աբդուլը կոտրել էր ոտքը, ու նրա ազգականները համարում են, որ քաշի ավելացումն այն դեղերի կողմնակի ազդեցությունն էր, որոնք նա խմում էր ռեաբիլիտացիայի ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր նրա քաշը սկսել է կայուն կերպով աճել, ինչի հետեւանքով սկսվել է շնչարգելություն, երիկամների խնդիրներ ու խոցեր:
Աբդուլը հիմա այնքան մեծ չափեր ունի, որ հիվանդանոցում նույնիսկ չէին կարողացել համապատասխան մահճակալ գտնել նրան տեղավորելու համար: Ստիպված են եղել հիվանդասենյակում հատուկ երկտեղանոց մահճակալ տեղադրել:
«Հիմա նրա վիճակը չի կարելի կայուն անվանել, բայց մենք հույս ունենք, որ նա կապաքինվի, ասել է պրոֆեսոր Ռաշիդ Խան Դուրրանին,- Մենք փորձում ենք կայունացել վիճակը: Դեռ փնտրում ենք նրա քաշի ավելացման պատճառները ու եթե հասկանանք, թե ինչ է կատարվել, կկարողանանք ավելի արդյունավետորեն բուժել նրան»:
Մորբիդային ճարպակալումով հիվանդին առայսօր զննել են բազմապրոֆիլ բժիշկներ, վիրաբույժներ, նեֆրոլոգներ ու թոքերի հիվանդությունների մասնագետներ: Նրանցից ոչ մեկը դեռ չի կարողացել հասկանալ այդ տղամարդու խնդիրը:






