Անջելինա Ջոլին ձվարանները հեռացնելուց հետո ստիպված կլինի ամբողջ կյանքում հորմոնալ դեղեր խմել, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ Արշակ Սիմոնյանը:
Գինեկոլոգը բացատրեց, որ ձվարանները կանացի հորմոններ են արտադրում, եւ կինը, որի ձվարանները հեռացնում են, պետք է հորմոնալ դեղամիջոցներ ընդունի, որպեսզի փոխհատուցի այդ հորմոնների անբավարարությունը:
Հարցին՝ որքանով է արդարացված ձվարանների հեռացման նման վիրահատությունը, գինեկոլոգը պատասխանեց, որ այդ հարցին միանշանակ պատասխան ոչ ոք չի կարող տալ: «Դա շատ բարդ հարց է, այն անհատական մոտեցում է պահանջում յուրաքանչյուր պացիենտի, եւ ոչ մի լուրջ մասնագետ չի կարող ասել՝ պետք է նման վիրահատության դիմել, թե ոչ»,- ասաց Արշակ Սիմոնյանը:
Բժիշկը նշեց, որ միեւնույն հիվանդությամբ տառապող մարդիկ տարբեր մոտեցում են պահանջում, օրինակ՝ մի կնոջ միոման վիրահատում են, մյուսինը՝ բուժում, երրորդի դեպքում ընդհանրապես չեն միջամտում: Այնպես որ, ամեն բան կախված է կոնկրետ դեպքից:
Գինեկոլոգի կարծիքով՝ դիմել վիրահատության, թե ոչ՝ ամեն դեպքում պետք է որոշեն պացիենտը եւ նրա բժիշկը: «Նման հարցերում միշտ հաշվի են առնվում տվյալ վիրահատության բոլոր դրական ու բացասական կողմերը: Եթե կան խնդրի լուծման այլ ուղիներ, բժիշկն այցելուին բացատրում է, թե ուր է տանում այդ ուղիներից յուրաքանչյուրը, եւ այդ ճանապարհին ինչ ռիսկեր ու բարդություններ կան, միայն դրանից հետո է վերջնական որոշում ընդունվում»,- ասաց գինեկոլոգը:
Արշակ Սիմոնյանի խոսքով՝ հաշվի առնելով Ջոլիի գենետիկ նախահակվածությունը քաղցկեղին՝ կարելի է ենթադրել, որ քացկեղի առաջացման ռիսկը նրա դեպքում բավական մեծ է, ուստի հնարավոր է՝ նրա որոշումն արդարացված ու հիմնավորված է:
«Եթե հիվանդը շատ է վախենում (քաղցկեղի առաջացումից), ապա լավ կլինի՝ նա դիմի այդ վիրահատությանը, իսկ հետո խմի հատուկ հորմոնալ դեղեր՝ փոխհատուցելու համար հորմոնների պակասը, որոնք նախկինում արտադրում էին ձվարանները»,- ասաց բժիշկը:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին, իմանալով կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ իր նախատրամադրվածության մասին, հեռացրել է կրծքագեղձերը: Հիմա դերասանուհին որոշել է հեռացնել նաեւ ձվարանները, քանի որ, նրա բժիշկների խոսքով, նրա դեպքում ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը 50% է:






