12 տարեկան տղայի ուղեղում երիզորդների ձվերից կիստա են հայտնաբերել: Այդ դեպքի մասին հայտնում է BMJ Case Reports ամսագիրը:
Տղան, որի անունը չի նշվում, հիվանդանոց է հասցվել` ուժեղ գլխացավից, հաճախակի սրտխառնոցից եւ տեսողական խանգարումներից բողոքելով, որոնք դիտարկվել են վերջին 6 ամսվա ընթացքում: Միաժամանակ տղայի մոտ ջղաձգության նոպաներ, գլխապտույտ եւ ջերմություն չի եղել, որոնք մակաբուծային վարակի սովորական ախտանիշներ են համարվում: Հետազոտությունները ցույց են տվել մկանային նորմալ ուժ, զգայունություն եւ ռեֆլեքսներ, տղայի սիրտը եւ թոքերը եւս նորմայում են եղել:
Հետո տղային ՄՌՏ են արել, որը հենց օգնել է հայտնաբերել մոնիտորին լավ երեւացող ուղեղի կիստան: Տղային տարել են վիրահատարան նորագոյացությունը հեռացնելու համար, կրանիտոմիա են արել` կտրելով գանգի մի մասը, որպեսզի հասնեն օտարածին զանգվածին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղում կիստան իրենից ներկայացնում է Echinococcus granulosus անվանումով մակաբուծային որդի ձվերի կուտակում:
Որպես կանոն, այդ մակաբույծը հարձակվում է լյարդի եւ թոքերի վրա, իսկ ուղեղը շատ հազվադեպ է նրա թիրախը դառնում: Ամենից հաճախ Echinococcus granulosus-ով վարակման դեպքեր պատահում են Մերձավոր Արեւելքում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական եւ Հարավային Եվրոպայում:
Վիրահատությունից երեք ամիս անց հիվանդը լրացուցիչ հետազոտություն է անցել, որը նոր կիստաների առկայություն ցույց չի տվել: Բժիշկներն ընդգծում են, որ ուղեղում ցանկացած տեսակի կիստաները կարող են երկար աճել` որեւէ արտահայտված ախտանիշ չառաջացնելով, մինչեւ այն պահը, երբ խոշոր չափի են հասնում: Իսկ երբ կիստան մեծանում է, այն կարող է գլխացավ եւ սրտխառնոց առաջացնել, որին կարող են հետեւել շարժողական ակտիվության խանգարումներ եւ ջղաձգային նոպաներ:






