36-ամյա Էմմա Գրեգսոնը, որն ուսուցչուհի է Լանկաշիրի կոմսության (Մեծ Բրիտանիա) տարրական դպրոցում, իր 9-ամյա աշակերտի շնորհիվ է իմացել, որ ծանր հիվանդ է:  Տղան նկատել է, որ նրա աչքերը «զվարճալի գույնի են»: Ուսուցչուհին, որը սովոր է երեխաներից տարօրինակ արտահայտություններ լսել, սկզբում առանձնահատուկ կարեւորություն չի տվել այդ բառերին, բայց հետագայում համենայն դեպս նայել է հայելուն եւ տեսել է, որ տղան իրավացի է. նրա աչքերի սպիտակուցները դեղնել էին: 

Էմման անմիջապես բժշկին է դիմել: Առաջին այցի արդյունքում բժիշկները նրան հայտնել են, որ նա լեղապարկի հետ կապված խնդիրներ ունի:  Սակայն նրա առողջությունը սկսել է վատանալ, ոտքերը սկսել են քոր գալ, ստամոքսը ցավել է, մաշկը գնալով ավելի է դեղնել: Ուսուցչուհին դարձյալ բժշկին է դիմել եւ միայն այդ ժամանակ են բժիշկները նկատել, որ հիվանդի լյարդն այնպես չի աշխատում, ինչպես պետք է եւ փոքրացել է:  Նրան տեղափոխել են Սուրբ Ջեյմսի հիվանդանոց (St James Hospital), որտեղ երեք շաբաթ դեղեր են տվել: Բարելավում չի եղել, եւ բժիշկները հասկացել են, որ վիճակը շատ բարդ է. առանց դոնորական լյարդի, Էմման առավելագույնը մեկ շաբաթ կապրի: 

Բժիշկները երկու անգամ դոնոր են գտել ուսուցչուհու համար եւ երկու անգամ էլ պարզվել է, որ դոնորը եւ ստացողն անհամատեղելի են:  Երբ արդեն կորցրել էր հույսը, երրորդ դոնորն է գտնվել` երիտասարդ տղամարդ, որը զոհվել էր վթարից: Նրա լյարդը փոխպատվաստել են Էմմային 6 ժամանոց վիրահատության ընթացքում: Հենց նույն օրը նա կարողացել է մահճակալից վեր կենալ եւ մի քանի քայլ անել, իսկ 9 օրից դուրս է գրվել հիվանդանոցից:

Փոխպատվաստումից կես տարի անց ուսուցչուհին կարողացել է ոչ լրիվ դրույքով աշխատանքի գնալ: Նրա խոսքով, դպրոցում իրեն շատ են աջակցել, իսկ նրա աշակերտները, իմանալով, որ նա իմունիտետը ճնշող դեղեր է ընդունում, ջանացել են այնպես անել, որ ուսուցչուհին հնարավորինս քիչ շփում ունենա մանրէների հետ. նրանք ձեռքերի հակամանրէական գել են օգտագործել, հետեւել են դասարանում մաքրությանը:  

Էմման շատ շնորհակալ է բոլորին, ովքեր օգնել են իրեն եւ հատկապես` տղամարդ դոնորին: Նա նրա ընտանիքին շնորհակալական նամակ է գրել: