Սեռական շատ խնդիրների պատճառն իրականում թաքնված է հեռավոր մանկությունում եւ ծնողներից ստացած սխալ դաստիարակության մեջ: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն օգնել է պարզել, թե դաստիարակությունը ճշգրիտ ինչպես կարող է ազդել մարդու հետագա սեռական կյանքի վրա:
Հոգեբանի խոսքով, սեռական դաստիարակությունը միայն տեղեկությունները չեն այն մասին, թե սեքսն ինչ է: Իրականում երեխայի սեռական դաստիարակությունն անընդհատ է ընթանում եւ շրջապատող մարդիկ ամեն օր, իրենք էլ դա չգիտակցելով, նրան տեղեկություններ են փոխանցում սեռերի միջեւ հարաբերությունների մասին: Երեխան անընդհատ սովորում է` նայելով, թե իրենց ինչպես են պահում ծնողները, ինչպես են շփվում իրար հետ, ինչպես են շփվում այլ մարդկանց հետ: Այդ ամենը երեխային տեղեկություններ է տալիս այն մասին, թե իրենցից ինչ են ներկայացնում կինը եւ տղամարդը, պահվածքի ինչ առանձնահատկություններ են հատուկ նրանց, ինչպես են իրենց պահում իրար հանդեպ, ինչպես է նրանցից յուրաքանչյուրն իրեն պահում իր եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Եթե երեխան ճիշտ տեղեկություններ է ստանում այդ ամենի մասին, նրա մոտ հազիվ թե սեռական կյանքի հետ կապված վախեր եւ հակառակ սեռի հետ շփման խնդիրներ առաջանան: Իսկ եթե երեխան սխալ տեղեկություններ է ստանում կամ տղամարդկանց եւ կանանց շփման սխալ օրինակներ է տեսնում, դա կարող է լրջորեն ազդել նրա հետագա կյանքի վրա ընդհանուր առմամբ եւ նրա սեռական կյանքի վրա` մասնավորապես:
Օրինակ, հոգեբանը նշել է, որ եթե աղջիկը տեսնի, թե հայրն ինչպես է մորը ծեծում, նրա մոտ տղամարդկանց մասին եւ տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերությունների մասին սխալ տպավորություն կձեւավորվի: Նման աղջիկն ամենայն հավանականությամբ կատի տղամարդկանց եւ ցանկացած տղամարդու հետ շփման դժվարություններ կունենա: Նույնիսկ եթե նրա մոտ տղամարդու հետ հարաբերություններ սկսվեն, նրա խորքում նստած վախը նրան թույլ չի տա ստանձնել կնոջ դերը. նա ենթագիտակցաբար կվախենա զոհ դառնալ, կրկնել իր մոր ճակատագիրը: Այդ ամենը հավանաբար իր հետքը կթողնի այդ կնոջ սեռական կյանքի վրա:
Մարդն ինտիմ հարաբերություններում պետք է լիովին ազատ լինի եւ վստահի զուգընկերոջը, նշել է հոգեբանը: Ամոթի, վախի եւ նմանատիպ այլ զգացումները, որոնց արմատները մանկությունում են, ընդամենը բարդացնում են սեռերի միջեւ հարաբերությունները եւ մի ամբողջ շարք խնդիրների են հանգեցնում, որոնցից մարդիկ, առանց կողմնակի օգնության, չեն կարող գլուխ հանել:






