Դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների 2 օրվա շրջանակում ավելի քան  100 երեւանցի է գրանցվել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում եւ պոտենցիալ դոնոր է դարձել: 

Ոսկրածուծի դոնորների ռեեստրից բժիշկ Միհրան Նազարեթյանը  երեկ` սեպտեմբերի 15-ին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ Ռազմական ակադեմիայից ավելի քան 80 մարդ համալրել է պոտենցիալ դոնորների շարքերը: Այսօր երեւանյան 5 համալսարանից ավելի քան 25 ուսանող է գրանցվել Ռեեստրում: 

Պոտենցիալ դոնոր դարձած ուսանողուհիներից մեկը` 19-ամյա Նարան, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ սկզբում չէր ուզում գրանցվել Ռեեստրում, որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր արյուն հանձնել, իսկ արյան տեսքից ինքը վախենում է:  Բայց հետո, երբ իմացել է, որ գուցե մի օր իր ցողունային բջիջներով կարողանա ինչ-որ մեկի կյանքը փրկել, օգնելու ցանկությունն այնուամենայնիվ գերակշռել է վախի հանդեպ եւ այդպես նա որոշել է պոտենցիալ դոնոր դառնալ: Երբ Նարայից արյուն են վերցրել, նա ուրիշ կողմ է նայել, բայց հետո խոստովանել է, որ բոլորովին էլ սարսափելի չէր: 

Նշենք, որ աշխարհում այսօրվա դրությամբ ոսկրածուծի ցողունային բջիջների մոտ 28 մլն պոտենցիալ դոնոր կա: Հայաստանում պոտենցիալ դոնորների թիվը մոտ 28 000 է:

Հիշեցնենք, որ ոսկրածուծի ցողունային բջիջների պոտենցիալ դոնոր դառնալ ցանկացող մարդը պետք է  18-ից 50 տարեկան լինի եւ իրեն առողջ համարի: Նրանից ընդամենը  2 մլ արյուն է պահանջվում տիպավորման համար, եւ նրա վերաբերյալ տվյալները մտցվում են Ռեեստր: Մի օր, եթե աշխարհի որեւէ անկյունում որեւէ հիվանդի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում անհրաժեշտ լինի, նրա համար պոտենցիալ դոնոր կփնտրեն ամբողջ աշխարհի ռեեստրներում:  Եթե նման դոնոր գտնվի, նրան կառաջարկվի ցողունային բջիջներ հանձնել  (դրանք արյունից են վերցվում, ոչ թե ոսկրածուծից, ինչպես ոմանք կարող են մտածել), որոնք հետո կփոխպատվաստվեն հիվանդին: Այդ պրոցեդուրայի շնորհիվ հիվանդը մի շարք հիվանդություններից, օրինակ` լեյկոզից բուժվելու բավականին մեծ շանս կունենա: