Հեծանիվ քշելը եւ հեծանվամարզասարքերի վրա մարզվելը կարող են ոչ այնքան լավ անդրադառնալ կնոջ սեռական կյանքի վրա, որովհետեւ հեծանիվների նստատեղերը հարում եւ ճնշում են հեշտոցի հատվածը եւ այն պակաս զգայուն են դարձնում: Այդ մասին հայտնում է The Journal of Sexual Medicine-ում հրապարակված հետազոտությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով վազքով զբաղվող կանայք զգալիորեն ավելի հաճախակի են օրգազմ ապրում, քան նրանք, որոնք գերադասում են հեծանվամարզասարքի վրա մարզումները: Ֆիզիկական ծանրաբեռնվածության երկու տարատեսակն էլ միշտ միանման օգտակար են համարվել, բայց հենց հեծանվամարզասարքն է, որ հետազոտության հեղինակների խոսքով, «սխալ ճնշում» է գործադրում ինտիմ գոտու վրա:

Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում այն հեծանվամարզասարքերը, որոնց ղեկը նստատեղի մակարդակում է: Այստեղ սեռական օրգանների վրա ճնշումն առավելագույնն է, ինչը դրանց զգայականության էական նվազման է հանգեցնում: 

Նշենք, որ հեծանիվ քշելը տղամարդկանց համար եւս շատ անվնաս չէ. հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ հեծանվորդների մոտ էրեկտիլ դիսֆունկցիաներ են դիտարկվում, որոնք կապված են աճուկի հատվածի երկարատեւ ճնշման հետ: