Microsoft կորպորացիան խոստանում է առաջիկա 10 տարիներին մարդկությանը ազատել քաղցկեղից: Գիտնականները մտադիր են քաղցկեղի խնդիրը լուծել բիոինֆորմատիկայի օգնությամբ, որը ենթադրում է առաջատար հաշվարկների գործածում բջջի ներսում կատարվող բարդ գործընթացները պատկերելու համար:
Այսօրվա դրությամբ արդեն 150 գիտնականներ ու ծրագրային ապահովման մշակողներ աշխատում են զանազան նախագծերի վրա՝ «կենսաբանական հաշվարկների» Microsoft Research քիչ հայտնի ստորաբաժանումում, որը ներառում է վերջերս ստեղծված լաբորատորիան: Լաբորատորիան միավորել է համակարգչային նախագծման, մաթեմատիկայի ու կենսաբանության մասնագետներին: Տարիներ շարունակ այդ դիսցիպլինաների միջեւ քիչ ընդհանրություն է եղել, բայց բիոինֆորմատիկայի հայտնվելուց հետո իրավիճակը փոխվել է:
Microsoft Research մասնագետների աշխատանքի մեծ մասն ուղղված է կենդանի բջիջների մոդելավորմանն ու զարգացմանը, դրանց բազմացմանն ու ընկալմանը, թե ինչպես է բջիջը որոշում քաղցկեղային դառնալ կամ մահանալ: Ընկերության ներկայացուցիչները ասում են, որ իրենց վերջնական նպատակն է սովորել վերածրագրավորել կենդանի բջիջները: Դա արմատապես կփոխեր մոտեցումը քաղցկեղի նման հիվադությունների բուժմանը: Իսկ մոտ հեռանկարում հետազոտողները մտադիր են համակարգչային մոդելավորման մեթոդով ստեղծել գործիքներ, որոնք հեշտացնում են նոր դեղամիջոցների մշակումը:
«Կարող է թվալ, թե կենսաբանության ու հաշվարկների ոլորտն նույնքան նման են իրար, որքան ասենք պանիրը կավիճին, - ասել է լաբորատորիայի ղեկավար Քրիս Բիշոփը: - Բայց բջիջներում կատարվող բարդ գործընթացները իրոք որոշ նմանություն ունեն սովորական անձնական համակարգչում կատարվող գործընթացներին»:
Քաղցկեղի բջիջների վերածրագրավորման նախագիծը ղեկավարում է Microsoft Research–ի ղեկավար Էնդրյու Ֆիլիպսը: Իր գործընկերների հետ միասին նա փորձում է մշակել ծրագրավորման լեզու կենսաբանական բաղկացուցիչների միջեւ հարաբերությունների մոդելավորման համար, որպեսզի հետագայում վերահսկեն բջիջների յուրաքանչյուր շարժում:
«Եթե հնարավոր է՝ մենք կապահովենք բջջի պատասխան արձագանքը, ներսից ազդելով նրա վրա: Դրանով իսկ մենք կկարողանանք հաղթահարել հիվանդությունը, մինչեւ այն կհասցնի տարածվել», - ասել է Ֆիլիպսը:
Գիտնականի խոսքով միակ խնդիրն այն է, որ համակարգիչները մշակել են մարդիկ, իսկ բջիջները ու հիվանդությունները էվոլյուցիայի երկար տարիների արդյունքն են: Եվ քաղցկեղային բջիջների խնդիրը լուծելու համար պահանջվում է հաշվիչ մոդել ՝ բարդության էկստրեմալ մակարդակով: «Սա երկարատեւ պրոցես է, բայց ես կարծում եմ, որ տեխնիկապես այնուամենայնիվ հնարավոր է: 10 տարվա ընթացքում մենք կստեղծենք խելացի մոլեկուլյար համակարգ, որը քաղցկեղը կվերածի կառավարելի քրոնիկ հիվանդության»:






