Երբ առաջին անգամ խոսվեց այն մասին, որ կանայք մեծ գումար են վճարում, որպեսզի ժամանակը հետ տալու անարդյունք փորձ անելով՝ մահացու տոքսին ներարկեն նրանց մաշկի տակ, դա հասարակության շրջանում ծաղրի ալիք բարձրացրեց:
Վատ աշխատանքի հետեւանքները՝ մեղրամոմե ճակատները, դեմքի վախեցած արտահայտությունը հոնքերի եւ ժպիտի պատճառով հիմք են դարձել «Բոտոքս Զոմբի» ծաղրական տերմինի համար:
Բայց չնայած թերահավատների կարծիքին՝ փորձառու ձեռքերում բոտոքսը կնոջը տալիս է թարմ, ավելի երիտասարդ տեսք, գրում է Daily Mail-ը: «Դուք պետք է սիրեք Ձեր դեմքը, դա թիվ մեկ կանոնն է: Դուք պետք է փորձեք պահպանել այն, ոչ թե փոխել»,- այսպես է մեկնաբանել իր աշխատանքը կոսմետիկ վիրաբույժ բժիշկ Ժան-Լուի Սեբան (կլինիկաներ Փարիզում եւ Լոնդոնում):
Նրան շատ հայտնիներ են դիմում, նրանց թվում՝ Սինդի Քրոուֆորդը, ում Սեբան օգնում է պահպանել գեղեցկությունն արդեն մոտ 20 տարի:
Լուսանկարներում երեւում է, որ 48-ամյա աստղն ընդհանրապես չի ծերացել նույնիսկ երկու երեխաների ծնունդից հետո, ընդհակառակը՝ շարունակում է ամենապահանջված մոդելի հաջող կարիերան ողջ աշխարհում:
Սինդին, որը բժիշկ Սեբայի հետ կոսմետիկա է գովազդում, անկեղծորեն խոստովանել է. «Ես ինձ չեմ խաբի: Որոշակի տարիքից հետո կրեմը կարող է ազդել մաշկի կառուցվածքի վրա, բայց դրա էլաստիկությունը վերականգնել օգնում են միայն վիտամինի, բոտոքսի եւ կոլագենի ներարկումները»:
Առավել փորձառու կոսմետիկ վիրաբույժները գիտեն, որ երբ բանը հասնում է բոտոքսին, որքան այն քիչ լինի՝ այնքան լավ:
«Լավ բոտոքսը պետք է աննկատ լինի,- ասում է բժիշկ Սեմ Բանթինգը, ով Լոնդոնի կենտրոնում սեփական կլինիկա ունի:- Բոտոքսի օգնությամբ մենք նույնիսկ փոխում ենք հոնքերի ձեւը, մեծացնում ենք աչքերն ու վերացնում դեմքի անհամաչափությունը՝ պահպանելով բնական դիմագծերը: Ես սովորաբար աշխատում եմ միկրո-դոզավորմամբ»:
2000 թվականից բոտոքսն ու դիսպորտը (А տիպի այլ բոտուլինային տոքսին) հաստատվել են ցերեբրալ պարալիչ ունեցող երեխաների բուժման համար, միայն թե այս դեպքում նյութն օգտագործվում է ավելի մեծ քանակությամբ, քան դեմքի դեպքում: Բոտոքոսն օգտագործվել է նաեւ աչքերի եւ մարմնի այլ մասերի մկանային սպազմի թեթեւացման համար:
Ներկայումս այն օգտագործվում է մարմնի տարբեր մասերի շտկումների համար, ինչպիսիք են՝
Պարանոց: Պարանոցն առաջին հերթին է մատնում կնոջ տարիքը, հատկապես՝ բարեկազմ կանանց դեպքում:
Ծնոտ: «Ծամող մկանն ամենամեծն է դեմքի վրա,- ասում է բժիշկ Սախ Մոհանը Revere կլինիկայից:- Այն մի քիչ փոքրացնելու դեպքում դեմքը շատ քառակուսի չի երեւա»:
Թեւատակեր: Բոտոքսը չափազանց շատ քրտնարտադրության բուժման հաստատված մեթոդ է:
Բոտոքսը հաստատված է գլաբելյար գծերի (ուղղահայաց գծեր հոնքերի մեջտեղում) եւ սագի թաթիկների (աչքերի շուրջ փոքր կնճիռներ) կորեկցիայի համար:
Բոտոքսը նաեւ հաստաված է ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղագործության հարցերով ծառայության (FDA) կողմից՝ քրոնիկ միգրենի բուժման համար:
Պտոզը կամ կախվելը պրոցեդուրայից հետո հիմնական բարդությունն է, առաջանում է չափազանց շատ տոքսիններ օգտագործելու հետեւանքով: Կարող են նաեւ ներարկման տեղում այտուցներ եւ կապտուկներ առաջանալ: Ցավն ու այտուցները մի քանի ժամ հետո կանցնեն, իսկ կապտուկներն ու արյունախեղդ հատվածները կարող են միայն 10 օր հետո հարթվել:
«Այսօր 20 տարեկան շատ կանայք ու նույնիսկ դեռահասներ են ուզում բոտոքս անել: Դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա, եւ դա կարող է հանգեցնել նրան, որ դեռահասները չափաքզանց շատ կտարվեն իրենց արտաքինով: Ես մերժում եմ նման երիտասարդ հիվանդներին՝ բացառությամբ շատ հազվադեպ դեպքերի»,- ասում է բժիշկ Թրեյսի Մաունթֆորդը՝ Բրիտանիայի էսթետիկ բժշկության քոլեջի հիմնադիրներից մեկը:






