Բնական կտավատից ստացված մանրաթելից գոտին կօգնի թեթեւացնել մեջքի ցավը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Eco Linen ընկերության տնօրեն Արտյուշա Սանոսյանը:
«Մենք որոշեցինք այդպիսի գոտիների արտադրություն սկսել, քանի որ մեր հաճախորդները նկատել են, որ կտավատից ներքնակները բուժիչ ազդեցություն ունեն մեջքի ցավերի եւ ողնաշարի ճողվածքների դեպքում, եւ խորհուրդ տվեցին նույն կտավատից գոտի պատրաստել»,- ասաց Արտյուշա Սանոսյանը:
Այդ գոտիներում որպես հիմնական նյութ օգտագործվում է իսկական, բնական կտավատը՝ մշակված հատուկ տեխնոլոգիայով, որը հայտնագործել է ընկերության հիմնադիր Հայկ Սանոսյանը: Այդ տեխնոլոգիան նորարարական է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
«Կտավատի ցողուններից ստացած մանրաթելից վատինայի նման բան ենք ստանում, որն օգտագործվում է անկողնային պարագաների, բարձերի, մեքենայի գորգերի եւ այլնի արտադրության մեջ», - բացատրեց Արտյուշա Սանոսյանը:
Սանոսյանը նշեց, որ բնական կտավատի «վատինայից» ստեղծված պարագաներն առողջության համար օգտակար մի շարք հատկություններ ունեն. դրանք լավացնում են արյան շրջանառությունը, առողջացնում սրտանոթային համակարգը: Բացի դրանից՝ կտավատը հիպոալերգեն է, վանում է միջատներին ու կրծողներին եւ ջերմոցային էֆեկտ չի ստեղծում: Այս պատճառով կտավատից գոտին ոչ միայն հարմար ու հարմարավետ կլինի օգտագործման մեջ, այլեւ դրական ազդեցություն կունենա օրգանիզմի համար:
Հայաստանում այդպիսի կտավատից արտադրվում են նաեւ անկողնային պարգաներ, մասնավորապես՝ ծածկոցներ, սավաններ ու բարձեր: Սանոսյանի խոսքով՝ բնական կտավատից վերմակը կարելի է օգտագործել ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը. ձմռանը այն լավ տաքացնում է, իսկ ամռանն այդպիսի ծածկոցի տակ բավական հով կլինի:
Ինչ վերաբերում է ներքնակներին՝ ընկերությունը դրանցով ապահովում է հայոց բանակին: «6 ամիս տեւած հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատը պայքարում է միջատների եւ ոջիլների դեմ, եւ այն կարելի է ու պետք է օգտագործել բանակում», - ասաց տնօրենը:
Սանոսյանի խոսքով՝ ընկերությունը նախկինում կտավատի յուղ էր արտադրում, իսկ վերջին տարիներին ձեռնամուխ է եղել տեքստիլ արտադրության մեջ կտավատի օգտագործմանը:
Մոտ ժամանակներս ընկերությունը պատրաստվում է նաեւ կտավատից բիո-վառելիքի արտադրություն սկսել: Խոսքը սեղմված կտավատի մնացորդներից ստացված բիո-բրիկետների մասին է: Դրանք կարելի կլինի օգտագործել որպես այլընտրանքային վառելիք, որը, ընկերության տնօրենի խոսքով, բավական մատչելի կլինի:







