Հայաստանում կենդանիներին ներկայումս պատվաստում են  REV-1 կենդանի պատվաստանյութով բրուցել մելիտենզիսի, այսպես կոչված` այծային կամ ոչխարային տիպի բրուցելյոզի դեմ, որն առավել վտանգավոր է մարդու համար: Որոշ մասնագետներ պնդում են, որ այդ պատվաստանյութը շատ ավելի արդյունավետ է, քան «ստուգումը եւ մորթը», բայց շատերը համաձայն չեն այդ կարծիքին:

Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների գործունեության գնահատման, Կարիբյան ավազանի Եվրահանձնաժողովի, Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի զոոանտրոպոնոզ հիվանդությունների դեմ պայքարի գծով փորձագետ Գրիգոր Գրիգորյանը համարում է, որ պատվաստել կենդանիներին REV-1 կենդանի պատվաստանյութով մի երկրում, ուր չի հսկվում անասունների շարժը եւ թույլ է անասնաբուժական ստուգումների համակարգը, վատ գաղափար է: Բանն այն է, որ երբ կենդանիներին պատվաստում են կենդանի պատվաստանյութով, ներարկումից հետո գրեթե մեկ ամիս նրանք շրջակա միջավայր են արտաթորում բրուցելյոզի հարուցիչներ: Այսինքն` ողջ այդ ընթացքում կենդանիները վարակիչ են չպատվաստված կենդանիների եւ մարդու համար: Եթե պատվաստված կենդանին հայտնվում է չպատվաստված նախրի մեջ, կարճ ժամանակում կարող է վարակել բոլորին: Կենդանի պատվաստանյութը, փորձագետի խոսքով, հիանալի գործիք է բրուցելյոզի հսկողության համար, սակայն միայն պատվաստանյութը բավարար չէ. որպեսզի այն ներգործի ինչպես հարկն է, անհրաժեշտ են նաեւ շատ այլ բաղադրիչներ:

REV-1-ով պատվաստումը բրուցելյոզի դեմ Գրիգոր Գրիգորյանը համեմատեց կույր աղիքի վիրահատությանը. դա կարեւոր վիրահատություն է, որը կույր աղիքի բորբոքման դեպքում (ապենդիցիտ) կարող է փրկել մարդու կյանքը, սակայն եթե այդ վիրահատությունը կատարվի փողոցում` առանց ախտահանման, ցավազրկման եւ բաստուրմա կտրելու կեղտոտ դանակով, ապա կարող է մարդուն կյանք արժենալ: Նորմալ վիրահատության համար անհրաժեշտ են մի շարք բաղադրիչներ, ներառյալ` վիրահատարան, մաքուր գործիքներ, ախտահանիչ նյութեր, անեստեզիա եւ մասնագետների խումբ: Հենց նույն կերպ պետք է լինի պատվաստման դեպքում. եթե կիրառվում է կենդանի հակաբրուցելյոզային պատվաստանյութ, ապա պետք ունենալ գործող վաղ հայտնաբերման, նույնականացման, գրանցման, կենդանիների շարժի եւ կենդանական ծագմամբ սննդի հսկողության  համակարգ: Ավելին, անհրաժեշտ է կազմակերպել կենտրոնացված մորթ եւ ունենալ գործող սպադանոցային ցանց` որոշակի ստանդարտների համապատասխան:

Փորձագետի խոսքով, REV-1 պատվաստանյութի միջոցով բրուցելյոզի դեմ պայքարի ռազմավարությունն ակտիվորեն ծավալում է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղմթերքի կազմակերպությունը (FAO), սակայն բոլոր երկրները չեն, որ համաձայնում են կիրառել այն: Ներկայում նախկին խորհրդային հանրապետություններից միայն Միջին Ասիայի պետություններն են հետեւում այդ ռազմավարությանը: FAO առանձին փորձագետների եւ այդ երկրների անասնաբուժական ծառայությունների մի քանի ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն, REV-1 պատվաստանյութը մարդկանց շրջանում հանգեցրել է բրուցելյոզով հիվանդացության նվազմանը, սակայն այդ պետություններում Գրիգոր Գրիգորյանի իրականացրած հետազոտության արդյունքները, մեղմ ասած, միշտ չէ, որ համապատասխանում են այդ տեղեկություններին:

Մասնագետի կարծիքով՝ Հայաստանի պայմաններում բրուցելյոզով վարակվելը դժվար չէ, իսկ բուժվելն արդեն խնդիր է, հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում:

Հետեւաբար այս վտանգավոր վարակի դեմ պայքարի ռազմավարություն ընտրելիս պետք է հաշվի առնել անասնաhամաճարակային, համաճարակային իրադրության հետազոտության արդյունքները, անասնապահության առանձնահատկությունները, բնակչության վարքագծային եւ մի շարք այլ գործոններ, որոնք պայմանավորում են հիվանդության վտանգը, այլ ոչ թե առաջնորդվել այն հանգամանքով, որ եթե ռազմավարությունն առաջարկել է FАО-ն, ուրեմն այն ճիշտ է եւ պետք է ներդրվի։

Գրիգոր Գրիգորյանը նաեւ նշեց, որ բրուցելյոզի հարուցիչը այն պաթոգեններից մեկն է , որը մի քանի երկներ օգտագործում են որպես մանրէաբանական զենք: Եւ քանի դեռ Հայաստանում չկա  անասնահամաճարակային եւ համաճարակային իրադրության փոփոխությունները հսկող արդյունավետ մեխանիզմ եւ նման պաթոգեն կրող կենդանի պատվաստանյութի անվտանգ կիրառություն, ամեաճիշտը ստուգման եւ մորթի ռազմավարությունն է:

Նշենք, որ այս տարի «Հայաստանի ասնասնաբուժական  ծառայությունների տեխնիկական եւ ինստիտուցիոնալ աջակցություն» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 240.000 կենդանիներ պատվաստվել են բրուցելոզի դեմ:  Նշենք նաեւ, որ համաձայն պաշտոնական վիճակագրության, 2015 թվականին Հայաստանում գրանցվել է խոշոր եղջերավոր  անասունների բրուցելյոզի 909 դեպք եւ մանր եղջերավոր անասունների` 603 դեպք: Վարակված բոլոր կենդանիները ենթարկվել են սանիտարական մորթի:

Հիշեցնենք, որ բրուցելյոզը կենդանաախտային վարակ է, որը հիվանդ կենդանուց փոխանցվում է մարդուն: Հիվանդությունը բնորոշվում է մարդու օրգանային համակարգի բազմաթիվ ախտահարումներով: Հիվանդության հարուցիչները բրուցելլա տեսակի մանրէներն են: Մարդը կարող է վարակվել` շփվելով հիվանդ կենդանու հետ, օգտագործելով չվարակազերծված կաթ եւ կաթնամթերք (օրինակ՝ պանիր), ինչպես նաեւ` սխալ մշակված միս եւ այլ մսամթերք: