Ավազը զարմանալի բնական նյութ է, որի հետ շփվելով` մարդը բացահայտում է աշխարհի եւ իր զգացողությունների բազմազանությունը, այն կարծես մագնիս լինի, կլանում եւ իր վրա է վերցնում հոգեկանի նեգատիվ էներգիան եւ կայունացնում է մարդու հուզական վիճակը – պատմում է ավազաթերապիայի մասնագետ Թագուհի Անդրեասյանը եւ տանելով ինձ ավազով լցված արկղի մոտ` առաջարկում է խաղալ:
Ես ափերս դնում եմ ավազին, հետո այն հավաքում եմ բռան մեջ եւ բաց թողնում մատների արանքով, ապա ընկղմում եմ ձեռքս ավազի մեջ, եւ այդ զովությունն այնքան հաճելի է: Այն իսկապես, կարծես, մագնիս լինի: Նա ինձ առաջարկում է ընտրել դարակներին շարված ֆիգուրներից մեկը, որը որ դուր կգա ,- դրանք այստեղ շատ են, կան մարդիկ, կենդանիներ, հեքիաթային եւ ֆանտաստիկ, չար ու բարի կերպարներ, կենցաղային իրեր եւն:
Խաղի կանոնը հետեւյալն է. պետք է ընտրել ֆիգուրներ, շարել ավազի վրա եւ ընտրված կերպարներով ու իրերով խաղարկել պատմություն: Ես մի կերպ եմ գլուխ հանում, թե ինչ պետք է անեմ, եւ ամենակարեւորը` ինչ է սրանից ստացվելու: Երկար նայում եմ ֆիգուրներին եւ փորձում եմ մտածել ընտրության ինչ-որ ալգորիթմ: Սակայն այս խաղի իմաստը հենց այն է, որ պետք չէ հնարել ալգորիթմ, այլ պետք է պարզապես հնազանդվել ձեռքին, որն ինքնուրույն կփնտրի այն, ինչ հարկավոր է, եւ կդնի ավազով արկղի մեջ: «Ձեռքը արտաքին եւ ներքին աշխարհների միջնորդն է»,- ասում է ավազաթերապեւտը: Ինձ դեռ թվում է, որ ես ակամա ընտրել եմ դուրեկան իրերի մի կույտ եւ խառը լցրել արկղի մեջ, բայց թերապեւտը սկսում է հարցեր տալ ամեն մի իրի մասին, եւ հանկարծ բոլոր նրանք դառնում են որոշակի խորհրդանիշներ, եւ այդ ամենի մեջ ամփոփված իմաստը հետզհետե բացահայտվում է:
Ավազաթերապայի մեթոդի հիմնադիրն է շվեցարուհի Յունգյան անալիտիկ Դորա Կալֆը: Դեռեւս 1928 թվ. ավազը խաղի մեջ կիրառեց հիվանդ եւ հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող երեխաների հետ Մարգարետ Լովենֆելդը: Ավելի ուշ Յունգյան անալիտիկ Դորա Կալֆը, ուսումնասիրելով Մ. Լովենֆելդի «աշխարհի կառուցման» տեխնիկան, մշակեց Յունգյան «ավազաթերապիան», որն այնուհետեւ դարձավ ինքնուրույն եւ առանձին ուղղություն հոգեթերապիայում: Այս մեթոդը արդյունավետ կերպով կիրառվում է Եվրոպայում, Ամերիկայում եւ Ճապոնիայում:
Այսօր «Ալֆա Բետտա» կլինիկայում կա դասական Կալֆյան ավազաթերապիայի մեթոդով գործող ծառայություն: Այն ցուցված է հետեւյալ խնդիրներն ունեցող այցելուների համար . հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, տրավմաներ, վախեր, հուզական պարփակվածություն, դեպրեսիա, էնուրեզ, էնկոպրեզ։
Ինչպես նշում է մասնագետը, խաղի ժամանակ ակտիվանում են անհատի մեջ ի ծնե գոյություն ունեցող ինքնաապաքինման ռեսուրսները: Կերպարները, որոնք ստեղծվում են արտաքին աշխարհում, արտացոլում են ներքին աշխարհը , անգիտակցականը, եւ մարդը կարողանում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել եւ հասկանալ: Ինքնաբուխ խաղը նպաստում է նրան, որ այցելուն ռեգռես է ունենում, խաղի միջոցով նա կրկնում է անցած բացասական փորձը, ապրումները, վերապրում է դրանք կրկին ու ազատվում դրանցից: Այն հնարավորություն է տալիս մարդուն ստեղծելու իր աշխարհը, որը բացում է ճանապարհ դեպի իր մտքերն ու հույզերը։ Այնուհետև այս աշխարհը կարելի է շոշափել, զգալ, փոփոխել եւ քննարկել:
Ավազաթերապիան արդյունավետ է նաեւ հոգեբուժական խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելիս,- հավելում է «Ալֆա-Բետտա» կենտրոնի հոգեբույժ Աննա Միրզոյանը: Նրա խոսքով, առաջին անգամ Հայաստանում «Ալֆա-Բետտա»-ում կիրառում են ավազաթերապիա` դեղորայքային ավանդական բուժմանը զուգահեռ: Եվ այդ համակցումը բավականին արդյունավետ է նեվրոզների, ՀՍԽ-ների, տագնապային խանգարումների, ալկոհոլիզմի եւ այլ կախումների բուժման ժամանակ: Ավազաթերապիան մեծապես օգնում է նաեւ հետպսիխոտիկ վերակագնման փուլում: «Այն, ինչ այցելուն չի կարողանում արտահայտել բառերով եւ հաղորդել բժշկին, արտահայտում է ավազաթերապիայի օգնությամբ»,- նշեց նա` հավելելով, որ այն նաեւ կողմորոշում է ախտորոշելիս եւ կրճատում է դեղորայքային բուժման տեւականությունը:
Անահիտ Սարգսյան
[gallery id=74]






