Գիտնականները ենթադրում են, որ իրենց հաջողվել է ճարպերն այրող դիետիկ հաբեր ստեղծել, որոնք մարզասրահի արդյունք են ապահովում: Հաբերը ստեղծողները կարծում են, որ կարողացել են կրկնել իրիզին հորմոնի ազդեցությունը, որն օրգանիզմում արտադրվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Հենց այս հորմոնն է «վատ» սպիտակ ճարպը վերափոխում «օգտակար» դարչնագույնի, որն օգնում է էներգիա այրել:

Իրիզինը բացահայտվել է 2012 թվականին միայն, երբ գիտնականները հայտնաբերել են, որ մկների եւ մարդկանց օրգանիզմում այն արտադրվում է սպորտով զբաղվելիս: Այս բացահայտումը բազմաթիվ վիճաբանություններ եւ կասկածներ է ծնել, քանի որ որոշ փորձագետներ պնդում են, որ հորմոնն արտադրվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, մյուսներն էլ կարծում են, որ այն ընդհանրապես գոյություն չունի: Եվ ահա հիմա Ֆլորիդայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հորմոնը «վատ» ճարպը «լավի» է վերածում:

American Journal of Physiology - Endocrinology ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ հորմոնը կարող է ճարպակալման եւ դիաբետի դեմ դեղամիջոցների հրաշալի բաղադրիչ դառնալ: Սա նման առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրել է մարդու ճարպային հյուսվածքների եւ բջիջների վրա իրիզինի ներգործության մեխանիզմը:

Հետազոտության հեղինակները 28 հիվանդից ճարպային բջիջներ են հավաքել, որոնք կրծքի չափը փոքրացնելու գործողություն են անցել: Նրանց իրիզինի ազդեցությանն են ենթարկել եւ UCP1 սպիտակուց պարունակող բջիջների թվի գրեթե հնգակի աճ հայտնաբերել, որը ծայրաստիճան կարեւոր է ճարպերի այրման համար: