Մինչեւ 45 տարեկան մարդկանց 18-23%-ը բախվում է սեռական խնդիրների եւ խանգարումների, սակայն 45 տարեկանից հետո նման խնդիրների բախվում է մարդկանց 45%-ը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը։
Ներկայում տղամարդկանց շրջանում ամենատարածված խնդիրները, մասնագետի խոսքով, էրեկցիայի ֆունկցիայի խանգարումն ու վաղաժամ սերմնաժայթքումն են։ Հազվադեպ չեն նաեւ օրգազմի տարատեսակ խանգարումներն ու լիբիդոյի նվազումը։
Իսկ կանանց շրջանում տարածված են օրգազմի հասնելու, լիբիդոյի նվազման խնդիրները, կոիտոֆոբիան եւ վագինիզմը։ Ըստ մասնագետի՝ հետաքրքիր է, որ կանայք ավելի հաճախ են բախվում սեռական խնդիրների, բայց բժշկի ավելի շատ դիմում են տղամարդիկ, ընդ որում՝ զուգընկերուհիների նախաձեռնությամբ։ Իսկ կանայք կարող են թաքցնել, ասենք, օրգազմի բացակայության խնդիրը՝ համարելով, որ դա ուշադրության եւ բժշկի դիմելու արժանի խնդիր չէ։
Տարիքի հետ վերոնշյալ խնդիրներն ազդում են բազմաթիվ սոմատիկ հիվանդությունների առաջացման վրա, ինչպիսիք են 2-րդ տիպի դիաբետը, հիպերտոնիան, ինչպես նաեւ ավելորդ քաշն ու ճարպակալումը։ Հայտնի է, որ դիաբետը բացասաբար է ազդում սեռական ֆունկցիաների վրա, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակն ինչպես նյարդերի, այնպես էլ արյունատար անոթների վնասվածք են առաջացնում։ Ինչ վերաբերում է հիպերտոնիային, այն նույնքան վտանգավոր է, որքան դիաբետը, իսկ այս հիվանդության դեմ որոշ դեղամիջոցներ նույնպես ազդում են մարդու սեռական ֆունկցիաների վրա։
Ինչպես մինչեւ 45 տարեկանը, այնպես էլ դրանից հետո սեռական առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակին բուժել կամ հսկողության տակ պահել բոլոր սոմատիկ հիվանդությունները, որոնք կարող են սեռական ֆունկցիայի խանգարման հանգեցնել։ Կարեւոր է նաեւ առողջ կենսակերպ վարելը, ալկոհոլը չչարաշահելն ու չծխելը, քանի որ այս վնասակար սովորույթները ծայրահեղ վատ ազդեցություն են ունենում սեռական առողջության վրա։






