38-ամյա ամերիկուհու ստամոքսից վիրաբույժները մազի 2 մեծ փունջ են հանել: Կինը տառապում էր Ռապունցելի սինդրոմով, եւ առանց այդ վիրահատության կարող էր կյանքից զրկվել:

Ռապունցելի սինդրոմը բնութագրվում է երկու հիմնական բաղկացուցիչով՝ տրիխտոլիմանիա (սեփական մազերը պոկելու անհաղթահարելի ցանկություն) եւ տրիխոֆագիա (այդ մազերն ուտելը): Այս գործողությունների արդյունքում աղեստամոքսային համակարգում կարող է առաջանալ մազերի մի ամբողջ փունջ, որը խանգարում է օրգանիզմի բնականոն գործառնությանը: Հենց սա է տեղի ունեցել հիվանդի հետ, ում անունը չի հրապարակվում:

Կինը դիմել է Արիզոնայի հիվանդանոցներից մեկին՝ բողոքելով պարբերական փսխուքից եւ արտաթորելու անհնարինությունից: Չնայած վերջին շրջանում նա չափազանց քիչ է կերել եւ 8 ամսում շուրջ 7 կգ նիհարել, ստամոքսը սարսափելի փքված է եղել՝ հեղուկի եւ գազերի մեծ քանակության պատճառով: Հոսպիտալացվելու ժամանակ ցանկացած կերակուրից հետո նրա մոտ փսխում է առաջացել: Բժիշկները ստիպված են եղել արյան փոխներարկում կատարել, քանի որ նրա մոտ ուժեղ սակավարյունություն է եղել:

Դրանից հետո վիրահատություն է կատարվել, որի ընթացքում էլ կնոջ ստամոքսից հանվել է մազերի հսկայական փունջ՝ 15x10 սմ չափով: Ավելի փոքր եւս մի փունջ (4x3 սմ) գտնվել է բարակ աղիում: Միջամտությունը հաջող է անցել, եւ հիմա կինը վերականգնողական փուլ է անցնում՝ օգտագործելով սպիտակուցի մեծ պարունակությամբ սնունդ:

Ռապունցելի սինդրոմը հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Ամերիկուհու դեպքը բժշկական գրականության մեջ նկարագրվածների շարքում 89-րդն է: Այս հիվանդությամբ առավել հաճախ տառապում են երեխաները՝ հիվանդության դեպքերի 40 տոկոսը ախտորոշվել է մինչեւ 10 տարեկան երեխաների մոտ: