Արոմաթերապիա ասելով՝ մենք հասկանում ենք մերսման յուղեր՝ քաղցր հաճելի բույրով, լոգանքի փրփուր եւ հոտավետ մոմեր: Բայց չնայած հաճելի հոտին՝ միշտ չէ, որ հոտավետ նյութերն անհրաժեշտ յուղեր են պարունակում, որոնք բուժում են, զգուշացնում է խոլիստիկ բժշկության մասնագետ Ժակլին Բենքսը:
Իրական արոմաթերապիան դեղաբույսերի էքստրակտ է օգտագործում, որոնք սնուցում եւ առողջացնում են մարմինը: Նա Fox News.com-ին պատմել է, որ այդ էքստրակտներն արոմաթերապիայում կոչվում են եթերային յուղեր, դրանք ստացվում են բույսերի արմատներից, սերմերից, տերեւներից ու նույնիսկ երիկամներից: Այդ յուղերից որոշներն օգտագործվում են բուժական նպատակներով, օրինակ՝ սնկային վարակների, ցանի դեմ կամ ցավի ու բորբոքումը նվազեցնելու համար, ինչպես նաեւ՝ սթրեսից ազատվելու եւ տրամադրությունը բարձրացնելու նպատակով:
Գիտնականները մինչև հիմա չգիտեն՝ ի վերջո, ինչպես է ազդում արոմաթերապիան: Ոմանք վստահ են, որ այս դեպքում գլխավոր դերը հոտառության օրգաններինն է, որոնք ազդանշան են տալիս ուղեղի որոշակի հատվածների, որոնք պատասխանատու են հույզերի ու հիշողությունների համար, եւ այդպիսով ազդում են մարդու ֆիզիկական, մտավոր եւ էմոցիոնալ առողջության վրա: Մյուսները կարծում են, որ հոտերը կապ չունեն, եւ որ կարեւորը գործընթացներն են, որոնք սկսվում են մարդու օրգանիզմում երբ այդ յուղերը մաշկի միջոցով ընկնում են արյան մեջ՝ փոխազդելով հորմոնների ու ֆերմենտների հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ եթերային յուղերն առողջության համար որոշակի առավելություններ ունեն, ուստի դրանք օգտագործվում են տարբեր առողջապահական հաստատություններում, ինչպիսիք են՝ սպա-կենտրոնները եւ նույնիսկ հիվանդանոցները: Մեծ Բրիտանիայում քաղցկեղային հիվանդությունների ոլորտում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ դա լավ լրացուցիչ թերապիա է քաղցկեղով եւ այլ հիվանդություններով տառապողների համար: Քաղցկեղով հիվանդներն ասել են, որ արոմաթերապիայից հետո իրենց կյանքը բարելավվել է. քանի որ ավելի քիչ սթրես են տարել, ավելի քիչ են զգացել հիվանդության ուժը, եւ ամենակարեւորը՝ սկսել են հանգիստ քնել:
Բույսերը, որոնք օգտագործվում են թուլանալու եւ անհանգստությունը թոթափելու համար նարդոսն է, վանիլը, երիցուկը, կնդրուկը եւ պաչուլին: Ցիտրուսային մրգերի՝ նարնջի, կիտրոնի եւ լայմի ուժեղ բուրմունքներն օգտագործվում են ընկճախտից ազատվելու համար: Մկանային եւ գլխացավերը թեթեւացնելու համար օգտագործվում են երիցուկը, էվկալիպտը, իմբիրը եւ կիտրոնախոտը (Cymbopogon):
Եթերային յուղերի օգտագործման մի քանի մեթոդ կա: Առավել կիրառական ու արդյունավետ եւ ավելի հաճախ օգտագործվողները համարվում են դիֆուզորներն ու այրիչները: Կարելի է նաեւ փրփուրով վաննայի մեջ մի քանի կաթիլ յուղ ավելացնել, ինչը կօգնի թուլանալ: Իսկ արոմաթերապիայով մերսումը հնարավորություն է տալիս օգտվել եթերային յուղերի բոլոր առավելություններից, քանի որ մաշկը դրանք կլանում է, բացի դրանից՝ պացիենտն այն շնչում է:






