Պոլիպոզը հիվանդություն է, որի ժամանակ արգանդի լորձաթաղանթին եւ ցերվիկալ խողովակում առաջանում են պոլիպներ, որոնք բարորակ գոյացություններ են, ունեն «մարմին» եւ «ոտք», որոնցով կառչում են արգանդի պատին: Տեսականորեն էնդոմետրիումի պոլիպոզ կարող է ծագել ցանկացած տարիքում, բայց գլխավորապես պոլիպներ գոյանում են հասուն (35-50 տարեկան) եւ ծեր տարիքում: Այն մասին, թե ինչպիսին են լինում պոլիպները, որքանով են վտանգավոր եւ պետք է արդյոք դրանք հեռացնել, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձական-գինեկոլոգիական կլինիկայի ղեկավար Արման Նազինյանը:

Պոլիպների ի՞նչ տեսակներ կան

Էնդեմետրիումի եւ ցերվիկալ խողովակի պոլիպները, ըստ կազմության կառուցվածքի, ընդունված է բաժանել մի քանի տեսակի.

. գեղձային` բաղկացած ստրոմներից եւ գեղձերից,

. գեղձա-ֆիբրոզային պոլիպներ` բաղկացած գլխավորապես շարակցական հյուսվածքից եւ մասամբ նաեւ գեղձային հյուսվածքից,

. ֆիբրոզային պոլիպներ` բաղկացած միայն շարակցական հյուսվածքից,

. ադենոմատոզ պոլիպներ. դրանք այսպես կոչված «նախաքաղցկեղային» պոլիպներն են, որոնք հիմնականում բաղկացած են գեղձային էպիթելից, բայց դրա հետ մեկտեղ ունենում են ատիպիկ բջիջներ: Վերարտադրողական տարիքի կանանց մոտ հաճախ հանդիպում են գեղձային կառուցվածքով պոլիպներ, իսկ հասուն տարիքի կանանց մոտ հաճախ լինում են ֆիբրոզ եւ ադենոմատոզ պոլիպներ: Գեղձաֆիբրոզ պոլիպները հատուկ են տարիքային բոլոր խմբերին: Ինչ վերաբերում է պոլիպների չափերին, դրանք սովորաբար լինում են 0,2-0,3 մմ.-ից մինչեւ 2-2,5 սմ: Ամենամեծ պոլիպները, որոնց հանդիպել են «Աստղիկ» բժշական կենտրոնի մասնագետները, եղել են մոտ 3 սանտիմետր:

Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել պոլիպների պատճառով

Պոլիպները համարվում են բարորակ գոյացություններ, սակայն դա չի նշանակում, որ բացարձակ անվտանգ են: Ինչպես նշեց մասնագետը, որոշ դեպքերում պոլիպները կարող են հանգեցնել դաշտանային ցիկլի խանգարման եւ անպտղության: Երբեմն դրանք կարող են «ֆիզիկապես» խոչընդոտել կնոջ հղիանալուն, հատկապես եթե դրանք մեծ են, զբաղեցնում են մեծ տարածք արգանդի խոռոչում եւ փակում են ցերկիվալ խողովակը: Բուժկենտրոնի որոշ հիվանդների հաջողվել է հղիանալ պոլիպները հեռացնելուց հետո: Բացի այդ, վտանգ կա, որ որոշ պոլիպներ (ավելի հաճախ` ադենոմատոզ) կարող են վերաճել էնդոմետրիումի քաղցկեղի: Եվ հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում դրանց համարել աննշան խնդիր եւ անուշադրության մատնել:

Պոլիպոզի ախտանիշները

Շատ հաճախ պոլիպոզի կլինիկական դրսեւորումները բացակայում են, հատկապես երբ պոլիպի կամ պոլիպների չափերը փոքր են. այդ դեպքում դրանք հայտնաբերվում են միայն գերձայնային հետազոտությամբ: Պոլիպները կարող են իրենց զգացնել տալ ներքոնշյալ ախտանշանների դեպքում.

. դաշտանային ցիկլի խանգարում,

. միջդաշտանային նվազ մածուցիկ արյունային արտադրություն, որը կապ չունի մենստրուացիայի հետ,

. շատ առատ դաշտան` մենորագիա, երիտասարդ կանանց մոտ,

. դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ` արյունային արտադրություն,

. կծկանման ցավեր որովայնի ստորին հատվածում, որոնք սովորաբար սաստկանում են սեռական ակտի ժամանակ,

. «կոնտակտային» արյունահոսություն` սեռական ուղիներից արտադրություն սեքսից կամ գինեկոլոգիական զննումից հետո,

. անպտղություն վերարտադրողական տարիքի կնանց մոտ:

Ինչպե՞ս են ախտորոշում պոլիպները

Էնդոմետրիումի եւ արգանդի վզիկի պոլիպները մեծ մասամբ կարելի է հայտնաբերել գերձայնային հետազոտությամբ: Քանի որ պոլիպները հաճախ զգացնել չեն տալիս իրենց, բոլոր կանանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ գնալ զննման գինեկոլոգի մոտ եւ անցնել փոքր կոնքի օրգանների ԳՁՀ:

Եթե ԳՁՀ-ի ընթացքում նկատվի պոլիպ, մասնագետը կորոշի, թե ինչ պետք է անել հետագայում:

Արդյոք պե՞տք է հեռացնել պոլիպները

Բժիշկ Արման Նազինյանի կարծիքով` պոլիպներն անպայման պետք է հեռացվեն, եւ ապա ուղարկվեն հյուսվածքաբանական հետազոտության, որը ցույց կտա պոլիպի չարորակ կամ բարորակ բնույթը կամ կա արդյոք կրկնության եւ էնդոմետրիումի քաղցկեղի վտանգ: Ըստ հյուսվածքաբանական հետազոտության արդյունքների` մասնագետը կկարողանա որոշել` հիվանդին հարկավո՞ր է հետագա բուժում, թե՞բավարար էր պոլիպի հեռացումը:

Ինչպես նշեց բժիշկ Նազինյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում պոլիպները հիմնականում հեռացնում են հիստերորեզեկտոսկոպի միջոցով, որը թույլ է տալիս տեսնել ամբողջ ընթացքը եւ հեռացնել միայն պոլիպը` չվնասելով արգանդի լորձաթաղանթը: Հիստերորեզեկտոսկոպը, ինչպես նշեց մասնագետը, սովորաբար բացասաբար չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Միջամտությունից հետո դաշտանային ցիկլը արագորեն վերականգնվում է , եւ կինը կարող է հղիանալ: Ավելին, եթե կնոջը չէր հաջողվում հղիանալ հենց պոլիպի պատճառով, ապա մայրանալու նրա հնարավորությունը այդպիսի միջամտությունից հետո մեծանում է: