Անցյալ տարի Հայաստանում ռեստորաններում, դպրոցներում եւ նույնիսկ մանկապարտեզներում զանգվածային թունավորման 14 աղմկահարույց դեպք էր գրանցվել: Այս տարի նման դեպքեր չեն եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նրա կարծիքով՝ զանգվածային թունավորումների բացակայությունը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ պատասխանատու գերատեսչություններն անցյալ տարվա դեպքերից հետո սկսել են ավելի լավ աշխատել:

Աղիքային ինֆեկցիաներ նույնպես չեն արձանագրվում, քանի որ դրանք հիմնականում լինում են ամռանը, իսկ աշնանն ու ձմռանը հաճախակի են մրսածությունն ու գրիպը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի շատերի ուշադրությունը գրավել էին Եղվարդի եւ Ալաշկերտի մանկապարտեզներում թունավորման դեպքերը, եւ երկար ժամանակ պատասխանատու կառույցներին չէր հաջողվում պարզել, թե ովքեր են մեղավոր կատարվածի համար եւ ում պետք է պատասխանատվության ենթարկել:

Աղմուկ էր բարձրացրել նաեւ Բաղրամյան գյուղում երեխաների թունավորման դեպքը: Այն ժամանակ երեխաները պատմել էին, որ դպրոցում ոչ միայն նրբերշիկ եւ հոթ դոգ են կերել (որոնք երեխաների սնվելու համար երաշխավորված մթերքների ցանկում չեն), այլեւ տարօրինակ համով «կանաչ» կարկանդակներ՝ քաղցր եւ կարծես բորբոսով պատված:

Զանգվածային թունավորման դեպքեր էին արձանագրվել նաեւ ռեստորաններում՝ հարսանիքների ժամանակ: Բոլոր այս դեպքերի պատճառը, որոշ իրավապաշտպանների կարծիքով, պետական կառույցների վատ աշխատանքն է, որոնք պետք է կանխեն նման խնդիրները: