Science ամսագիրը հայտարարել է «Պարիր քո գիտական աշխատանքըս» ամենամյա մրցույթի հաղթողի անունը: Առաջին մրցանակը ստացել է Ջեյքոբ Բրուբերտը, որն իր գործընկերների հետ հոլովակ է նկարահանել սրտի պրոթեզի համար փականի ստեղծման մասին: Հոլովակում նրանք ցուցադրում են, թե ինչպես են աշխատում արհեստական փականները, ինչպես նաեւ բացատրում պոլիմերային կամ արհեստական ծագման նյութերից ստեղծված փականների առավելություններն ու թերությունները:
Մրցույթի դափնեկիրներից մեկն էլ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սպիտակուցի ինստիտուտից Եվգենի Սոգորինն է: Հոլովակում նա պատմում է այն մասին, թե սպիտակուցի սինթեզի ժամանակ ինչպես են աշխատում ռիբոսոմները:
Եվս մեկ մրցանակ ստացել է Գլազգոյի համալսարանից Կառլա Բրաունը՝ հակաբիոտիկների հանդեպ մանրէների դիմակայության զարգացման եւ այդ կայուն միկրոօրգանիզմների տարածմանը նվիրված հոլովակի համար:
Հանդիսատեսի համակրանքին արժանացել է Բրյուսելից Էմանուել Ալալյուֆը: Մի քանի մասից բաղկացած նրա պարը պատմում է այն մասին, թե ուռուցքային բջիջներին ինչպես է հաջողվում պաշտպանվել իմունային համակարգից:
Այս տարի մրցույթն անցկացվել է 9-րդ անգամ: Գլխավոր մրցանակակիրը 1.000 դոլար պարգեւ է ստանում, իսկ տարբեր անվանակարգերում հաղթողները՝ 500-ական դոլար:






