Նեղ ջինսի տաբատներ սիրելու պատճառով 52-ամյա բրիտանուհի Ջեյն Ռայլենսը քիչ էր մնում զրկվեր ոտքից։ Մի անգամ նա չափից նեղ ջինս էր հագել հավաքույթին, ինչի հետեւանքով նրա ոտքերի արյան շրջանառությունը խանգարվել էր, նյարդերն ու մկանները լրջորեն վնասվել էին։ Կինը հրաշքով է խուսափել անդամահատությունից։
Այս ճակատագրական օրը Ջեյնը մի քանի ժամ շարունակ նեղ ու բարձր գոտկամասով ջինսի տաբատով էր, իսկ երեկոյան դրանով հավաքույթի է գնացել ընկերուհու մոտ։ Պարելիս նրա ինքնազգացողությունը հանկարծ վատացել է ու նա ուշաթափվել է։ Ընկերները օգնել են, որ նա ուշքի գա, սակայն Ջեյնը միայն հաջորդ օրն առավոտյան է տաքսիով հիվանդանոց գնացել, երբ նկատել է, որ ոտքերը տարօրինակ ձեւով այտուցվել են։
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սեղմումի համախտանիշ (որը հայտնի է նաեւ որպես “քոմփարթմենթ” համախտանիշ), ինչն առաջանում է անհարմար դիրքում կամ նեղ հագուստի մեջ գտնվելու հետեւանքով փափուկ հյուսվածքների ճնշումից մկանների երկարատեւ իշեմիայի պատճառով։ Ճնշման պատճառով վնասվում են նյարդերն ու մկաննները ու եթե ժամանակին օգնություն չեն ցուցաբերում, արյան անբավարար հոսքը առաջացնում է թթվածնային քաղց ու հյուսվածքների մահացում։ Նման դեպքերում բժիշկները երբեմն ստիպված են լինում դիմել անդամահատության։
Վիրաբույժները ստիպված են եղել բացվածք անել Ջեյնի ոտքերի վրա, որպեսզի թեթեւացնեն նյարդերի վրա ճնշումը։ Ավելի ուշ նրան բացատրել են, որ եթե նա մի ժամ էլ ուշ գար հիվանդանոց՝ նրա ոտքը կանդամահատեին, իսկ եթե մի քանի ժամ ուշանար՝ պարզապես կմահանար։ Նա ստիպված է եղել չորս անգամ վիրահատվել ու մաշկի մի շարք փոխպատվաստում անել, իսկ նրա ոտքի վրա մեծ սպիներ են մնացել։
Հիմա Ջեյնը վստահեցնում է, որ այլեւս երբեք նեղ ջինսի տաբատ չի հանգնի եւ նույնն է խորհուրդ տալիս իր բոլոր ծանոթներին։






