55-ամյա Ռասթի Համերը տառապել է լեյկեմիայի հազվադեպ, ագրեսիվ տեսակով: Նա մտածել է, որ հոսպիսը տեղ է, ուր մարդիկ գնում են մեռնելու: Նա կարծել է, որ դա նշանակում է հանձնվել, փոխանցում է Fox News-ը:

Դա բավական հաճախ հանդիպող մոլորություն է: Չնայած տարեկան 1.5 մլն ամերկացի է մահանում (բոլոր մահերի 44%-ը) հոսպիսներում՝ շատերը, ովքեր կարող էին օգտվել այդ ծառայություններից, չափազանց ուշ են դիմում կամ ընդհանրապես չեն դիմում՝ վախի պատճառով, որ հոսպիսներում մարդիկ մահանում են:

Ֆրեն Սմիթի «Փոխենք մեր մահը» (Changing the Way We Die) նոր գիրքը, որի համահեղինակ է Շեյլա Հիմմելը, լույս է սփռում հոսպիսների գործունեության վրա: Հեղինակները, հիմնվելով իրական մարդկանց իրական պատմությունների վրա, նկարագրում են այն կարեկցանքը, անկեղծ մոտեցումը, որը հոսպիսների աշխատակիցները ցուցաբերում են մահացող մարդկանց հանդեպ՝ ինչպես Ռասթի Համերի դեպքում:

Գրքում հեղինակները բացահայտում են ամենատարածված առասպելներն այդ զարմանալի, կենսականորեն կարեւոր ծառայության մասին:

Առասպել՝ հոսպիսը նշանակում է, որ բժիշկներն այլեւս ոչնչով չեն կարող օգնել:

Իրականություն՝ հոսպիսի բժիշկներն իսկական պրոֆեսիոնալներ են ցավի հաղթահարման, ախտանիշերի վերահսկման եւ տառապանքների թեթեւացման այլ տեխնիկաների գործում: Թիմում ընդգրկված են նաեւ պրոֆեսիոնալ բուժքույրեր, սանիտարներ, սոցիալական աշխատողներ, հոգեւորականներ եւ հաճախ՝ կամավորներ:

Առասպել՝ հոսպիսը միայն դատապարտված հիվանդների համար է:

Իրականություն՝ սկզբում, երբ հոսպիսները 40 տարի առաջ նոր-նոր էին բացվում՝ այո, բայց հիմա հոսպիսներում կան Ալցհեյմերի հիվանդությամբ, կանգային սրտային անբավարարությամբ, քրոնիկ հիվանդություննների վերջին աստիճանով եւ այլ հիվանդություններով տառապող մարդիկ:

Առասպել՝ հոսպիսում մարդիկ ապրում են իրենց վերջին օրերը, լավագույն դեպքում՝ մեկ շաբաթ:

Իրականություն՝ Medicare-ը, Medicaid-ը եւ այլ ապահովագրական խոշոր ընկերություններ հոսպիսի ծառայություններ են տրամադրում 6 ամսով: Եթե հիվանդն ավելի երկար է ապրում, նա կարող  մնալ հոսպիսում կամ վերադառնալ՝ երբ ցանկանա: Երբեմն մարդիկ սպասվածից ավելի երկար են ապրում՝ հիմնականում պրոֆեսիոնալների թիմի լավ խնամքի շնորհիվ, որը հիվանդի մեջ տեսնում է մարդու, ոչ թե հիվանդություն: