Կլինիկական ուղեցույցների ներդրումը կբարձրացնի բուժման ընթացքի թափանցիկությունը: Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով առողջապահական ոլորտի բարեփոխումները՝ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալ Սամվել Մարգարյանը:
«Այսօր, երբ ասում ենք, որ բժիշկը սխալ է թույլ տվել, հղում ենք կատարում անհայտ կատեգորիաների»,- ասաց նա՝ հավելելով, որ ուղեցույցն այս կամ այն հիվանդության դեպքում քայլերի սահմանված հերթականություն է, եւ դա ոլորտը չափելի է դարձնում, իսկ բժշկին օգնում է խուսափել սխալներից:
«Դա հսկայակակն աշխատանք է, տասնյակ հազարավոր էջեր՝ կոնկրետ հիվանդությունների ինստրուկցիաներ: Ինչ-որ փուլում այդ ուղեցույցները կինտեգրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգի հետ: Այսինքն՝ պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը որոշակի վիճակում հիվանդանոցում է հայտնվում, բժիշկը e-health համակարգում տեսնում է ոչ միայն նրա հիվանդության ամբողջ պատմությունը, այլեւ քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է ձեռնարկի հիվանդի տվյալ վիճակում: Եվ այս դեպքում արդեն կարելի է հասկանալ, արդյո՞ք բժիշկը սխալվել է: Հակառակ պարագայում, եթե գրված օրենքներ չկան, դժվար է հասկանալ, բժիշկը ճի՞շտ է, թե՞ սխալ»,- ասաց նա:
Պաշտոնյան նշեց, որ ուղեցույցները նաեւ կլուծեն բուժծառայությունների ստանդարտացման հարցերը, եւ այդ ժամանակ բուժհաստատությունը չի կարող չընդունել այլ բուժհաստատության հետազոտությունը, ինչպես հիմա հաճախ է պատահում:
Նա հավելեց, որ ուղեցույցների ներդրումն աշխատատար եւ երկարատեւ գործընթաց է, այդ պատճառով առողջապահության նախարարությունը երկու տարի ժամկետ է սահմանել: «Այսինքն՝ համակարգն ամբողջությամբ կներդրվի երկու տարվա ընթացքում, բայց յուրաքանչյուր կոնկրետ ուղեցույց կներդրվի, երբ դրա ուղղությամբ աշխատանքն ավարտվի»,- ասաց փոխնախարարը:
Սամվել Մարգարյանի խոսքով՝ հիվանդների, բժիշկների եւ բուժհաստատությունների միջեւ վեճերը լուծելու համար առաջարկվում է նաեւ բժշկական հաշտարարի ինստիտուտ հիմնել: Փաստացի դա նշանակում է բողոքների քննարկման երկաստիճան համակարգ: Առաջին փուլում հիվանդը բողոք է ուղարկում բուժհաստատություն, որտեղ այն քննարկում է համապատասխան կառույցը: Եթե այն չի բավարարում բողոքը, ապա մինչ դատարան դիմելը եւս մեկ պարզեցված օղակ կա, ուր կարելի է դիմել. բժշկական հաշտարար:






