Ճիշտ սնունդն օգնում է լավ վիճակում պահել ոչ միայն մարմինը, այլեւ ուղեղը: Ո՞ր մթերքներն են լավացնում ուղեղի աշխատանքը եւ կանխում դրա վաղաժամ ծերացումը.

1. Սնունդ, որն օգնում է պաշտպանել ուղեղի բջիջները

Հակաօքսիդանտները շատ օգտակար նյութեր են ինչպես ընդհանուր օրգանիզմի, այնպես էլ՝ մասնավորապես, ուղեղի համար, քանի որ դրանք վնասազերծում են ազատ ռադիկալները, որոնք կարող են լրջորեն վնասել օրգանիզմին՝ բջիջներում մուտացիաներ առաջացնելով:

Ըստ Neurology ամսագրում հրապարակված հետազոտության՝ մարդիկ, որոնք սննդի մեջ օգտագործում են ֆլավոնոիդներով (հակաօքսիդանտների տարատեսակ) հարուստ սննդի երկու չափաբաժնից ավել, կարող են պարծենալ ավելի երիտասարդ ուղեղով. նրանք ունեն կենտրոնացման նույնպիսի մակարդակ, ինչպիսին ավելի երիտասարդ մարդիկ: Մեկ այլ՝ ֆրանսիական հետազոտություն ցույց է տվել, որ մարդիկ, որոնց ճաշացանկը հարուստ է կարոտինոիդներով (հակաօքսիդանտների մեկ այլ տեսակ), ավելի հազվադեպ են բախվում ճանաչողական գործառույթների թուլացման խնդրին:

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտ են պարունակում՝ խնձորը, սոխը, ցիտրուսային մրգերը, նարնջագույն բանջարեղենը (օրինակ՝ դդումը), դդմիկը, սպանախը, բրոկոլին:

2. Սնունդ, որը լավացնում է ուղեղի արյան մատակարարումը

Նորմալ գործունեության համար ուղեղին անհրաժեշտ է արյան նորմալ մատակարարում. մեծ քանակությամբ սննդանյութերի շնորհիվ՝ ուղեղի համար հեշտանում է նոր տեղեկություն մտապահելն ու ավելի արագ արձագանքելը: Ինչպես հայտնի է՝ մոնոչհագեցած ճարպերը (այսպես կոչված՝ «լավ ճարպերը») օգնում են նվազեցնել «վատ ճարպերի» եւ խոլեստերինի մակարդակն արյան մեջ, ինչը դրականորեն է ազդում արյան շրջանառության վրա: Բացի դրանից՝ մոնոչհագեցած ճարպերն իջեցնում են զարկերակային ճնշումը, նորմալացնում են խոլեստերինի մակարդակն ու նվազեցնում կաթվածի եւ ինֆարկտի ռիսկը:

Մոնոչհագեցած ճարպեր պարունակում են՝ ավոկադոն, ընկուզեղենը, ձիթապտղի յուղը:

3. Բորբոքումները կանխող սնունդ

Տարիքի հետ գլխուղեղի բջիջներն ավելի հաճախ են բորբոքվում, իսկ ուղեղի բջիջների քրոնիկ բորբոքումը կարող է հանգեցնել թուլամտության, Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդության: Այդպիսի բորբոքային երեւույթները կանխել օգնում են նյութերը, որոնք հայտնի են որպես կուրկումին եւ կատեխին: Իմիջիայլոց, կուրկումինը հաճախ օգտագործվում է Հնդկաստանում, քանի որ այն նրանց ազգային կարի սննդատեսակի բաղադրիչ է: Ինչպես հայտնի է՝ Ալցհեյմերի հիվանդությունը Հնդակաստանում բավական հազվադեպ է հանդիպում, եւ շատ գիտնականներ կարծում են, որ դրանում մեծ դեր ունի հենց կուրկումինը:

Կուրկումին եւ կատեխին պարունակում են՝ դեղին մանանեխը, կարին, կանաչ եւ սեւ թեյերը, մոշը, ծիրանը, ելակը: