Գրիպի որոշակի շտամներին դիմադրելու մարդու ունակությունը անսպասելիորեն կախված է նրա ծննդյան տարեթվից, որը վկայում է գրիպի վիրուսի հանդեպ իմունաբանական յուահատուկ «իմպրինտինգի»  առկայության մասին:

«Պատկերացրեք, որ մանկության տարիներին դուք վարակվել եք գրիպի այն վիրուսով, որը մենք պայմանականորեն կանվանենք «նարնջագույն սառնաշաքար»: Եթե կյանքի հետագա տարիներին դուք բախվեք վիրուսի այլ ենթատեսակի, որի հետ ձեր իմունային համակարգը երբեք չի շփվել, բայց որն, ի դեպ, նման է այդ «սառնաշաքարին», ապա այդ դեպքում մահանալու ձեր հավանականությունը չափազանց փոքր կլինի խաչաձեւ իմունիտետի զարգացման հետեւանքով: Մյուս կողմից՝ եթե մանկության տարիներին դուք վարակվել եք «կապույտ սառնաշաքար» վիրուսով, ապա այդ դեպքում ոչ մի պաշտպանություն չեք ունենա»,- պարզաբանել է Թուսոնի (ԱՄՆ) Արիզոնայի համալսարանից Մայքլ Վորոբեյը:

Եռադեմ մարդասպանը

Գրիպի դեմ պայքարը բարդանում է վիրուսի երեք տարատեսակների՝ А, В եւ С, առկայության պատճառով: Յուրաքանչյուր խմբում վիրուսները կարող են միմյանցից էականորեն տարբերվել իրենց կառուցվածքով, եւ օրգանիզմը ստիպված է ամեն տարի հարմարվել գրիպի նոր շտամներին: Քանի որ մարդիկ իմունիտետ են մշակում վիրուսի ընթացիկ «տարբերակի» հանդեպ, բնության մեջ առաջացել է շտամների յուրատեսակ «շրջապտույտ», որոնք հերթագայությամբ տարածվում են մարդկանց, թռչունների եւ կենդանիների շրջանում:

Վորոբեյը եւ նրա գործընկերները այդ շրջափուլերի արտասովոր հետքեր են հայտնաբերել՝ հետազոտելով, թե ինչպես է մարդու իմունային համակարգն արձագանքել H5N1 եւ H7N9 խմբերին, որոնք լուրջ համաճարակներ են առաջացրել եւ վերջին 10-15 տարիների ընթացքում մի քանի հարյուր մարդկանց մահվան հանգեցրել:

Հետազոտելով ոչ վաղ անցյալում այդ վիրուսներով վարակման գրեթե 1,5 հազար դեպքեր՝ կենսաբանները հայտնաբերել են, որ գրիպի վիրուսների հետ առաջին շփումն աննկատ է, սակայն իմունային համակարգի աշխատանքը փոխում է անդառնալիորեն եւ արմատապես:

Հիշաչար իմունիտետ

Պարզվել է, որ մանկության տարիներին գրիպի այն վիրուսներով վարակված մարդիկ, որոնք պատկանում են նույն ընտանիքին, ինչ H5N1-ը կամ H7N9-ը, ավելի լավ են հաղթահարում իրենց օրգանիզմին անծանոթ  «թռչնի» ինֆեկցիան, քան այն մարդիկ, որոնք մանկության տարիներին վարակվել են այդ հիվանդության այլ տարբերակներով:

Դա, օրինակ, դրսեւորվել է նրանում, որ H5N1-ը հիմնականում ախտահարել է երեխաներին եւ երիտասարդներին, իսկ H7N9-ը՝ մինչեւ 1968 թվականը ծնված մեծահասակ եւ տարեց մարդկանց: Վիրուսի այսպիսի արտասովոր ընտրողականությունը կապված է այն հանգամանքի հետ, թե երիտասարդ եւ տարեց մարդկանց իմունային համակարգն ինչպես է արձագանքել այս եւ այն վիրուսին:

Դիմելով գրիպի համաճարակների պատմության արխիվներին՝ գիտնականները հասկացել են, թե դա ինչու է տեղի ունենում. պարզվել է, որ 50-ական թվականներին եւ մինչեւ 1968 թվականը Ամերիկան հիմնականում ախտահարել են H5N1-ին հարակից գրիպի շտամները, իսկ առավել արդի շրջաններում՝ H7N9-ին հարակից վիրուսները: