University Medical Center Utrecht-ի մասնագետները կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով 58-ամյա հիվանդի գլխուղեղում իմպլանտ են տեղադրել, որը կառավարվում է մտքի ուժով:

Հանեկե դե Բրյույնեի հիվանդությունն ախտորոշվել է 2008 թվականին: Հիվանդությունը զարգացել է, եւ կինն աստիճանաբար կորցրել է ինքնուրույն շարժվելու, խոսելու եւ շնչելու ունակությունը: Նա կարողացել է միայն կոպերը թարթել, եւ հետո նրա շփվելուն օգնել է աչքերի շարժումներին հետեւող սարքը: Թրեքերի աշխատանքի համար լավ լուսավորություն էր անհրաժեշտ:

Նոր սարքը Հանեկեին թույլ կտա ամբողջական նախադասություններով «խոսել», արտահայտել այն, ինչի մասին մտածում է: Սարքը տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերին: Էլեկտրոդները տեղադրվել են գլխուղեղի շարժողական կեղեւի մեջ, իսկ հատուկ հաղորդիչը տեղադրվում է հիվանդի կրծքավանդակի վրա: Այն գլխուղեղից ստացած ազդակը հաղորդում է պլանշետի էկրանին, որի վրա այբուբենն է արտացոլվում:

Ցանկալի բառը կարելի է հավաքել՝ կարմիր քառակուսու միջոցով «ընտրելով» անհրաժեշտ տառը: Այն էկրանի վրա տառից տառ է տեղափոխվում, եւ երբ անհրաժեշտ տառին է հասնում, հիվանդը այդ տառի վրա պետք է «սեղմի» աջ ձեռքով: Իհարկե՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդը ձեռքը շարժել չի կարող, չնայած դրան շարժողական կեղեւը շարունակում է վերջույթին ազդակ ուղարկել, որը հաղորդիչը որսում է, եւ հարկարվոր տառն ընտրվում է: Այսպիսով հիվանդը բառեր եւ արտահայտություններ «տպագրելու» հնարավորություն է ստանում:

Կես տարի շարունակ Հանեկեն սովորել է համակարգով ինքնուրույն աշխատել: Այժմ նա կարողանում է առանց օգնության օգտվել: Հավաքման արագությունը րոպեում ընդամենը երկու տառ է կազմում, որը փոքր-ինչ դանդաղ է, քան թրեքերի օգտագործման դեպքում էր, որը հետեւում էր աչքերի շարժմանը: Փորձի ղեկավար Նիք Ռամզին ծրագրում է սարքը կատարելագործել եւ այն ավելի արագ դարձնել:

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը զարգացող նյարդադեգեներատիվ հիվանդություն է: Այն ախտահարում է շարժողական նյարդերը՝ հիվանդները կորցնում են շարժվելու, ինքնուրույն ուտելու եւ շնչելու ունակությունը: Դեպքերի գերակշիռ մասն ավարտվում է մահվան ելքով: Հիվանդության արդյունավետ բուժում գոյություն չունի, միայն որոշ դեպքերում հիվանդի վիճակը կայունանում է. այդպես եղավ հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի դեպքում: