Նոյեմբերի 17-ին նշվում է Անհաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Օրվա նպատակն է՝ բարձրացնել վաղ ծննդաբերության մասին տեղեկացվածության մակարդակը եւ ուշադրություն հրավիրել անհաս երեխաների եւ նրանց ընտանիքների խնդիրների ուղղությամբ:

Ամեն տարի շուրջ 15 մլն անհաս երեխա է ծնվում, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 10-րդ երեխան ժամկետից շուտ է ծնվում:

Այս երեխաների մեկ միլիոնից ավելին ծնվելուց կարճ ժամանակ անց մահանում է, իսկ շատերը տարբեր ֆիզիկական եւ նյարդաբանական, ինչպես նաեւ ուսման ընթացքում խնդիրներ են ունենում: Ժամկետից շուտ ծնված երեխաները հիվանդ փոքրիկների ամենամեծ խումբն են կազմում: Վիճակագրության համաձայն՝ վաղ ծննդաբերությունն աշխարհում նորածինների մահվան դեպքերի գրեթե կեսից ավելիի պատճառն է:

Անհաս երեխաների միջազգային օրը 2011 թվականին հիմնել են Նորածին երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամը (European Foundation for the Care of Newborn Infants, EFCNI), March of Dimes կազմակերպությունը, Աֆրիկայի երկրների օգնության Little Big Souls միջազգային հիմնադրամը, ինչպես նաեւ Ավստրալիայի Անհաս երեխաների մայրերի ազգային հիմնադրամը: Հիմնադրումից ի վեր միջազգային տոնին ավելի քան 50 երկրներ են միացել:

Խնդրով մտահոգ Ծնողների եվրոպական կազմակերպության առաջին նիստը կայացել է 2008 թվականին, Հռոմում: Կազմակերպության ներկայացուցիչները որոշել են ժամկետից շուտ ծնված երեխաների միջազգային օր հիմնել՝ խնդրի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Նոյեմբերի 17-ն ընտրվել է EFCNI-ի հիմնադրի պատճառով, որը 2008 թվականի նոյեմբերի 17-ին առողջ դուստր է ունեցել՝ 2006-ի դեկտեմբերին անհաս եռյակի կորցնելուց հետո:

Միջազգային օրվա միջոցառումներին ամբողջ աշխարհում բազմաթիվ ծնողական կազմակերպություններ, բուժաշխատողներ եւ շահագրգիռ անձինք են մասնակցում: