Շատերի մոտ ցուրտ եղանակն ասոցացվում է միայն մրսածության եւ գրիպի հետ: Իհարկե, ցուրտ եղանակին մրսելը դյուրին է, բայց այս եղանակը նաեւ առավելություններ ունի: Փորձենք հասկանալ, թե որոնք են առողջության համար ցուրտ եղանակի օգուտներն ու վնասները:
Մրսածություն
Ցուրտ եղանակի մրսելու եւ վիրուսային ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը մեծանում է: Բանն այն է, որ երբ մարդը մրսում է, օրգանիզմը թուլանում եւ խոցելի է դառնում տարատեսակ վիրուսային ինֆեկցիաների հանդեպ: Ցուրտ եղանակին առողջ մնալու համար ձգտեք եղանակին համապատասխան հագնվել, մի մոռացեք գլխարկի, շարֆի եւ ձեռնոցի մասին:
Ասթմա
Կարծիք կա, որ բերանով սառը օդ շնչելը կարող է հանգեցնել թոքերում ցավերի եւ ասթմայի սրման: Եվ քանի որ ջերմաստիճանին զուգահեռ նվազում է նաեւ մթնոլորտային ճնշումը, ոմանք կարող են միգրենի խնդիրներ ունենալ:
Տրամադրություն
Արեւի լույսի քանակության կրճատումը նվազեցնում է սերոտոնինի արտադրությունը, ինչի արդյունքում մարդու տրամադրությունն ընկնում է, ճնշվածություն եւ գրգռվածություն է առաջանում: Այս ամենը բացասաբար է անդրադառնում սեքսով զբաղվելու ցանկության վրա:
Նիհարել
Ցուրտ եղանակը նաեւ որոշակի դրական կողմեր ունի. այն օգնում է նիհարել: Ցածր ջերմաստիճանն օրգանիզմին օգնում է ավելի արդյունավետ այրել ավելորդ ճարպերրը՝ դրանք օգտագործելով սպիտակ ճարպային հյուսվածքը տաքացնելու համար: Ոմանք սխալմամբ ենթադրում են, որ ամռանն ավելի դյուրին է նիհարել, երբ մարդիկ շատ են քրտնում, բայց քրտինքի հետ օրգանիզմից միայն հեղուկն ու հանքանյութերն են դուրս գալիս, իսկ ճարպերի այրման գործընթացն այլ է, որն ավելի արդյունավետ է տեղի ունենում ցուրտ եղանակին:
Ուղեղ
Ուշ աշնանն ու ձմռանը մկանների բորբոքումը նվազում է, ուղեղի աշխատանքը՝ բարելավվում: Ուղեղը սկսում է զգալիորեն ավելի արդյունավետ աշխատել, ինչի արդյունքում աշխատելն ու սովորելն ավելի դյուրին է դառնում: Դուք, հավանաբար, նկատել եք, որ ոչ շատ տաք սենյակում աշխատելն ու սովորելն ավելի դյուրին է:






