ՄԻԱՎ վարակակիր մարդկանց ստիգմատիզացիան եւ նրանց հանդեպ բացասական վերաբերմունքը վնաս է հասցնում ոչ միայն այդ մարդկանց, այլեւ ամբողջ հասարակությանը, պնդում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության փորձագետ Հովհաննես Մադոյանը:

ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման լավագույն միջոցներից մեկը հետազոտությունն ու բուժումն է. եթե վարակված մարդը զննվում է, տեղեկանում իր կարգավիճակին եւ սկսում է հակառետրովիրուսային բուժում ստանալ, նրա վիրուսային ծանրաբեռնվածությունը նվազագույնի է հասնում, իսկ ինչ-որ մեկին նրա կողմից վարակելու հավանականությունը կտրուկ նվազում է: Այսպիսով, որքան ՄԻԱՎ-դրական շատ մարդիկ իմանան իրենց կարգավիճակի մասին եւ բուժում ստանան, այնքան արդյունավետ կլինի այդ հիվանդության տարածման կանխարգելումը:

Իսկ եթե վարակված մարդը չի հետազոտվում, չի իմանում, որ իր մոտ ՄԻԱՎ կա եւ բուժում չի ստանում, նա, ավելի շուտ, նվազագույնը եւս մեկ կամ մի քանի մարդու կվարակի՝ դրանով իր ավանդը ներդնելով հիվանդության առավել տարածման գործում: Այսպիսով, իր մոտ ՄԻԱՎ ինֆեկցիայի առկայության մասին չիմացող անձը հասարակության համար ավելի վտանգավոր է, քան նա, ով իր կարգավիճակին տեղյակ է:

Խնդիրն այն է, որ երբ հասարակությունը բացասաբար է վերաբերվում ընդհանրապես ՄԻԱՎ ինֆեկցիային եւ մասնավորապես ՄԻԱՎ վարակակրին, մարդիկ չեն ցանկանում հետազոտվել՝ նախընտրելով անտեղյակության մեջ ապրելը. նրանք վախենում են, որ եթե հանկարծ իրենց մոտ ՄԻԱՎ հայտնաբերվի, բժշկական գաղտնիքը չի պահպանվի, եւ ծանոթները կիմանան իրենց կարգավիճակի մասին ու կսկսեն իրենց վատ վերաբերվել: Նույն պատճառով այն անձինք, ում մոտ արդեն հայտնաբերվել է ՄԻԱՎ, երբեմն չեն ցանկանում դեղեր ընդունել՝ վախենալով, որ ինչ-որ մեկը դա կնկատի եւ իրենց մասին վատ կմտածի: Դա հատկապես հրատապ է ոչ մեծ քաղաքներում եւ գյուղերում, որտեղ բոլոր բնակիչներն իրար ճանաչում են, եւ բոլոր լուրերը աներեւակայելի արագությամբ են տարածվում:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածումը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է այս հիվանդության հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխել, որպեսզի մարդիկ չվախենան ստուգվել եւ բուժում ստանալ: