1988 թ դեկտեմբերի 7-ին պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ու նրա թիմը Միքայելյանի անվան բուժկենտրոնի վիրահատարանում էին։ Վիրահատական սեղանի վրա մի տղամարդ էր՝ծնունդով Հունաստանից, նրան բավականին բարդ վիրահատություն էր պահանջվում՝ շեքի շրջանում մաշկի փոխպատվաստում։
Վիրահատությունը նոր էր սկսվել, մեկ էլ հանկարծ շենքը սկսեց ցնցվել՝ թվում էր, թե ուր որ է կփլվի։ Անեսթեզիոլոգը կին էր՝ Թուրքմենիայից, նա տագնապից սեղանի տակ էր մտել։ Մնացած մասնագետները վախեցած իրար էին նայում։ Սկսվել էր երկրաշարժը, որը հետագայում կոչեցին Սպիտակի երկրաշարժ։
Առաջինն,ինչ երկրաշարժի ժամանակ կանցնի ցանկացած մարդու մտքով, շենքից փախչելն է։ Ամենայն հավանականությամբ հենց այդ մասին էին մտածել նաեւ բժիշկները։ Սակայն հիվանդը կզոհվեր, եթե նրան թողնեին վիրահատարանում՝ ավարտին չհասցնելով վիրահատությունը։
«Ես էի ղեկավարում թիմը ու ես որոշեցի մնալ ու շարունակել վիրահատությունը»,- պատմել է լրագրողներին Արտավազդ Սահակյանը։
Սովորաբար նման փոխպատվաստումը մի քանի ժամ է տեւում։ Այդ օրը, սակայն, վիրահատությունը անհավանական արագությամբ ավարտեցին՝ ընդամենը 40 րոպեում։ Ավարտելով այն՝ բժիշկները զանգահարեցին վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որպեսզի կանչեն սանիտարներին, որոնք պետք է օգնեին տեղափոխել հիվանդին։ Սակայն պարզվեց, որ նրանք այնտեղ չէին․ բոլորը՝թե հիվանդները, թե բուժանձնակազմը խուճապահար փողոց էր դուրս եկել, բաժանմունքում մնացել էր միայն հերթապահ ռեանիմատոլոգը ութ հիվանդների հետ, որոնք չէին կարող դուրս գալ շենքից։ Հենց նրանց մոտ էլ տեղափոխեցին նոր վիրահատված հիվանդին։
Ասում էին, որ երկրաշարժը կարող է կրկնվել, դրա համար էլ ոչ ոք չէր վերադառնում շենք, իսկ շենքում մնացածներին սկսել էին տարհանել։
Բժիշկ Սահակյանը պատմել է, որ ժամը 17։00-ին նրանց մոտ եկավ առաջին տուժածը՝ վարորդ, որի ձեռքը վնասվել էր, նա հայտնեց, որ Գյումրի քաղաքն այլեւս չկա, երկրաշարժն այն հավասարեցրել է հողին։ Նրան ոչ ոք չհավատաց։ Սակայն մոտ մի ժամից սկսվեց վիրավորների զանգվածային հոսք, որոնց բժիշկները հազիվ էին հասցնում օգնություն ցուցաբերել։
«Իսկական մղձավանջ սկսվեց,- հիշում է պլաստիկ վիրաբույժը,- 2 օրուգիշեր մենք մենակ էինք աշխատում։ Հետո մեզ օգնության եկան Վրաստանից մեր գործընկերները՝ շտապ օգնության 2 մեքենաներով, իսկ դրանից հետո՝ նաեւ մեր գործընկերները Ռուսաստանից ու Մեծ Բրիտանիայից, որոնք ամբողջ ընթացքում մեր կողքին էին աշխատում»։
Սկզբում մասնագետները փորձում էին փրկել տուժածների վերջույթները, սակայն դա ոչ միշտ էր հնարավոր՝ եթե վերջույթը 5-6 ժամից երկար որեւէ ծանր բանի տակ է մնում, օրինակ երկրաշարժի ժամանակ փլատակների տակ, դեպի վերջույթ արյան մատակարարման վերականգնումից հետո հիվանդի մոտ կարող է զարգանալ այսպես կոչվող քրաշ -ախտանիշ՝ երկար ճնշման ախտանիշ, որի դեպքում մեռյալ հյուսվածքներից թույները, հայտնվելով արյան հոսքի մեջ, առաջացնում են երիկամային անբավարարություն ու մահ։ Տուժածների կյանքը փրկելու համար բժիշկները հաճախ ստիպված էին անդամահատել վերջույթը։
Ետգրություն
Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստանում զոհվել է մի քանի տասնյակ հազար մարդ, մի քանի հարյուր հազարն էլ անօթեւան է մնացել։






