Առողջապահության նախարարությունն առաջարկում է հետաձգել «Դեղերի մասին» նոր օրենքի որոշ դրույթների կիրառումը։ Մասնավորապես, խոսքը դեղերի մեծածախ եւ մանրածախ վաճառքի տարանջատման մասին է։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ դեկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ։

Ըստ նախարարի, օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բայց, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, նախարարությունը օրենքի որոշ դրույթների կիրառումը առաջարկում է հետաձգել։ «Մենք այդ առաջարկությամբ հանդես կգանք, եւ, ես կարծում եմ, մեզ կընդառաջեն», – ասել է նա։

Լեւոն Ալթունյանը պարզաբանել է, որ ամբողջովին օրենքի ուժի մեջ մտնելը չի կասեցվի։ «Ես համարում եմ, եւ միջազգային փորձագետներն ինձ հետ համաձայն են, որ Հայաստանում դեղերի գրանցման պրակտիկան առաջադեմներից է, եւ խստագույններից է, որը պաշտպանում է օգտատերերի շահերը», – ասել է նա։

Ըստ նախարարի, նոր օրենքի հետ կապված հիմնական մտավախությունն այն է, որ Հայաստանի բնակիչների մոտ չկա դեղատոմս վերցնելու եւ դեղատոմսով դեղ գնելու մշակույթը։ «Բայց դա դրույթ է, որը պետք է կյանքի կոչել, եմ մենք վճռական ենք դա հասցնելու մինչեւ հաղթական ավարտը», – ասել է նա, պարզաբանելով, ար այսօր դեղերը ձեռք են բերվում առանց որեւէ վերահսկողության։ Նույն հակաբիոտիկները, կամ ուժեղ ազդեցությամբ դեղերը հասանելի են բոլորին, եւ դա վնաս է հասցնում մարդկանց առողջությանը, պնդում է նախարարը։

«Դա պետք է միայն բարի խորհուրդ տվողներին, եւ, միգուցե, դեղ վաճառողներին», – նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե որն է պատճառը, որ մարդիկ արտերկրից են բերում դեղերը, քանի որ Հայաստանում դեղերն անորակ են, Ալթունյանը նշել է, որ երեւի թե ազդեցություն ունի զուտ հոգեբանական գործոնը, բայց ոչ միայն։

«Մենք կարծում ենք, որ Գերմանիայի կամ Ճապոնիայի համար նույն սուբստանցիան, որը պատրաստվում է Հնդկաստանում, մի քիչ ավելի մաքուր է, մի երկու օղակ մաքրման ավելի շատ է անցնում, քան Հայաստանի կամ Ռուսաստանի համար։ Բայց չեմ հերքի, որ Հայաստանում կան ռիսկեր ոչ օրիգինալ կամ ոչ պատշաճ որակի դեղորայք ձեռք բերելու, այն է ժամկետանց դեղ, որի պիտակը փոխած է, կամ որը ճամպրուկով ներկրված է Վրաստանից։ Վրաստանից ներկրված դեղերը ակնհայտ կեղծ են», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ ըստ ոլորտի ներկայացուցիչների, նոր օրենքը շատ վիճելի դրույթներ է պարունակում, եւ նրա կիրառումը կհանգեցնի քաոսի դեղերի շուկայում։