• Latest news

Ոչինչ, որ դեղերը կթանկանան. թող Թոփչյանն ու Խաչատրյանը ճոխ ապրեն. դեղ ներկրող

30 նոյեմբերի, 2016  15:35

Հանրապետությունում դեղ ներմուծող խոշոր ընկերություններից «Վագա ֆարմ»–ի հիմնադիր Վահե Վարսանյանն առաջարկում է հետաձգել «Դեղերի մասին» օրենքն ուժի մեջ մտցնելը՝ խուսափելու համար դեղերի շրջանառության ոլորտում սպասվող քաոսից: Հիշեցնենք, գարնանն ընդունված այս օրենքն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 16-ից:

NEWS.am Medicine-ի թղթակցին իր այս առաջարկը Վարսանյանն այսպես հիմնավորեց. «Օրենքում չափազանց շատ են աբսուրդի հասնող կետերը, բացի այդ՝ մինչ օրս ընդունված չեն օրենքի գործառույթներն ապահովող ենթաօրենսդրական ակտերը: Այս օրենքը ոչ պրոֆեսիոնալ է, անբարեխիղճ եւ ծայրահեղ: Այն բիզնեսի առաջ անհարկի խոչընդոտներ է ստեղծում: Անհամաչափ տուգանքները եւ մի շարք սահմանափակումները, որոնց  Հայաստանի առողջապահության համակարգն առհասարակ պատրաստ չէ, պարունակում են կոռուպցիոն ռիսկեր»։

Որո՞նք են նոր օրենքի խնդրահարույց կետերը:

1. Դեղերի մեծածախ եւ մանրածախ վաճառքի բաժանումը

Ըստ դեղ ներմուծող ընկերության ղեկավարի՝ այս դրույթը փակուղու առաջ է կանգնեցնում այնպիսի ընկերությունների, որպիսին է «Վագա ֆարմ»–ը, որը ներմուծում է դեղեր եւ ունի դեղատնային ցանց, իսկ օրենքով հայտարարված փոքր բիզնեսի պաշտպանությունն այս դրույթը չի երաշխավորում:

«Մեր ցանցի բոլոր դեղատներն՝ առանձին-առանձին, պետք  է անցնեն վերալիցենզավորման գործընթաց, եւ նույն այդ ժամանակ իրավունք չունեն դեղ վաճառել. պետք է փակվեն: Վերալիցենզավորման գործընթացն առնվազն մեկ ամիս է տեւում եւ յուրաքանչյուր դեղատանը «կարժենա» մոտ 1000 դոլար: Եվ անգամ չեն էլ մտածել, որ արտոնագիր ունեցող դեղատները կարող էին ավտոմատ վերալիցենզավորվել», -ասաց նա: Իսկ եթե բացել մեծածախ վաճառք իրականացնող նոր կազմակերպություն, դա հաշվապահական մի ամբողջ թղթատարություն է՝ գումարած հարկային նոր ու մեծ բեռ, որովհետեւ մի ընկերության ակտիվների օտարումը մյուս ընկերության օգտին (փաստացի, սա վաճառք է) նախատեսում է  ԱԱՀ-ի անմիջապես վճարում: «Մեր դեպքում խոսքը մեկ միլիոն դոլար հարկի մասին է, եւ դա շատ անհասկանալի բեռ է մեզ համար», -ասաց Վահե Վարսանյանը:

Դեղ ներմուծող ընկերության ղեկավարը գտնում է, որ, նախեւառաջ, այս կետը կհարվածի փոքր ու միջին ընկերություններին։ «Այսօր շուկայում կան փոքր ցանցեր եւ առանձին դեղատներ, որոնք դեղերը ներմուծում են ՝ հիմնականում իրենց մանրածախ առեւտրի նպատակով: Այս կետի ուժի մեջ մտնելուց հետո նրանց արգելվելու է միաժամանակ զբաղվել թե՛ ներմուծմամբ, թե՛ մանրածախ առեւտրով: Բացի դա՝ նոր օրենքը լիցենզիա տալու համար սահմանել է պահպանման ու տեղափոխման չհիմնավորված խիստ հատուկ պայմաններ, որոնց ապահովումը նրանց ուժերից վեր կլինի:  Այնպես որ, փոքր եւ միջին բիզնեսի մասին հոգ տանելու մասին բոլոր հայտարարությունները  անմիտ զրույցներ են: Այն դեպքում, երբ օրենքում հատուկ նախատեսված է, որ մեծածախ ընկերությունը կարող է իր դեղատնային ցանցը փոխանցել այլ ընկերության», -ավելացրեց գործարարը:

Վահե Վարսանյանը հիշեցրեց, որ ավելի վաղ, 15 տարի առաջ, գործում էր դեղերի մեծածախ առեւտրի լիցենզավորման կարգ, որը չեղարկվեց եւ գործընթացը դյուրացվեց. «Դեղգործակալության ներկայիս ղեկավար Հակոբ Թոփչյանը, որը նոր օրենքի ոգեշնչողներից մեկն է, այն ժամանակ զբաղվում էր դեղերի ներմուծմամբ եւ նույնիսկ հպարտանում էր, որ ինքն անգամ դեղերի պահեստ չունի: Այժմ նրան նշանակել են Դեղգործակալության ղեկավար, որը փաստացի համարվում է պետական, սակայն նեղ կոմերցիոն շահեր է հետապնդում: Եվ նա որոշել է, թե որքան սահմանափակող եւ վերահսկող գործառույթներ ունենան, որքան շատ խանգարեն, այնքան ավելի շահույթ կստանան: Թե չէ ոչ մի լուրջ ու օգտակար գործով նրանք չեն էլ զբաղվում: Կեղծ դեղերի դեմ պայքարի մասին լուրջ տեսքով հայտարարությունները, դեղերի գրանցման այս խճճված եւ անվերջանալի ընթացակարգերը միայն աշխատանքային բուռն գործունեության պատրանք են եւ գործարարներին ներկայացված լրացուցիչ խոչընդոտներ: Ուրիշ ոչինչ: Նրանց աշխատանքի ՕԳԳ-ն զրոյին մոտ է, եւ այդ զրոյական ֆունկցիայով նրանք միլիոնավոր դոլարներ են աշխատում», – ասաց նա։ 

2. Դեղերի գրանցում

Վահե Վարսանյանի խոսքով՝ օրենքի քննարկման ընթացքում խոսակցություններ կային դեղերի գրանցման կարգը պարզեցնելու մասին, մասնավորապես, երկրորդ անգամ գրանցման ժամանակ, բայց դա այդպես էլ չարվեց: Դեղերը, ինչպես նախկինում, պետք է նորից գրանցել յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ նույն գումարով: Եվ սա այն դեպքում, երբ շրջանառության մեջ գտնվող դեղերի 90-95 տոկոսն արդեն 3-4 անգամ վերագրանցվել է եւ ունի գրանցման 15-20 տարվա ստաժ:

Համաձայն նոր օրենքի՝ եթե դեղի գրանցման իրավատիրոջ ուղարկած ապրանքի ներդիր թերթիկն անէական տարբերություն ունի գրանցված տարբերակից կամ եթե ներկրված որեւէ դեղի տուփի վրա առկա է նույնիսկ դիզայնի աննշան տարբերություն, որը համաձայնեցված չէ Դեղգործակալության հետ, ապա այդ դեղի բոլոր խմբաքանակների իրացումը պետք է կասեցվի: Նույնիսկ այն խմբաքանակների, որոնք գրանցված նմուշի հետ բացարձակ նույնական են եղել եւ ներկրվել են առողջապահության նախարարության օրինական թույլտվությամբ:

«Գրանցումը պետք է անմիջապես կասեցվի, եւ այդ ընթացքում մենք իրավունք չունենք վաճառել, թեեւ դեղը ներմուծել ենք օրինական ճանապարհով: Կասեցված դեղի ավելի քան 30 տուփի պահպանումը՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին դրույթի, սահմանում է տուգանք՝ մեկ միլիոն դրամի չափով: Բա որ այդ դեղը չպահենք, ի՞նչ պետք է անենք. փաստացի պարտադրվում է ոչնչացնել բոլոր խմբաքանակները: Բայց չէ՞ որ գրանցման կասեցումը ժամանակավոր գործընթաց է: Եվ ինչու՞ պետք է նամակագրական անմիտ քաշքշուկի պատճառով տուժի բիզնեսը», -ասում է Վահե Վարսանյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ ժամանակավոր կասեցման դեպքում ներմուծող ընկերությունը իրավունք չի ունենալու վաճառել կամ պահպանել օրենքով ներմուծած ո՛չ նախկին, ո՛չ նոր խմբաքանակները:

3. Գների պետական կարգավորում

Դեղ ներմուծող ընկերության ղեկավարի խոսքով՝ նոր օրենքում  ֆիքսված են հենակետային գները, մեծածախ եւ մանրածախ հավելագների չափը: Ասում են՝ սա վերաբերում է միայն կենսական առաջնահերթ դեղերին, որոնք գնում է պետությունը: Բայց ի՞նչ կապ ունի մանրածախ գինը պետական գնումների հետ: Չէ՞ որ պետգնումներին վերաբերող օրենսդրությունը հստակ կարգավորում է օպտիմալ գնումների մեխանիզմը առաստաղային գների միջոցով:

Ընդ որում, հենակետային գները սահմանվում են՝ ըստ ազդող նյութի: «Ենթադրենք, Պարացետամոլի գինը սահմանվում է 200 դրամ: Բայց կա 40 դրամանոց Պարացետամոլ, կա 800 դրամանոց: Ստացվում է, որ էժան Պարացետամոլի վրա կարելի է գերշահույթ ստանալ, իսկ այն մեկը, որի ինքնարժեքը բարձր է, անգամ վաճառելն անհնար կլինի: Ասում են՝ սա պետգնումների համար է: Այդ դեպքում ինչու՞ է 900 000 դրամ տուգանք սահմանվել մանրածախ գնի խախտման դեպքում: Իսկ ինչպե՞ս վարվել, եթե տարադրամը տատանվում է, եւ մեր բոլոր գները տարադրամի հետ են կապակցված: Չէ՞ որ պետք է ինդեքսավորենք գները», – պարզաբանեց Վահե Վարսանյանը։

Նրա կարծիքով՝ այս միջոցները կբերեն դեղերի «սպիտակ շրջանառության» կրճատմանը եւ ստվերի ավելացմանը։ «Կլինի քաոս, եւ այդ քաոսում կծաղկեն կոռուպցիոն երեւույթները, քանի որ կլինեն կաշառք պահանջողներ եւ կաշառք տվողներ», – համոզված է նա։

4. Դեղերի վաճառքը՝ դեղատոմսերով

Ըստ Վահե Վարսանյանի՝ որոշ դեղերի բաց թողումը դեղատոմսերով, մասնավորապես, հակաբիոտիկներինը, ճիշտ որոշում է, եւ ոչ ոք դրա դեմ ոչինչ չունի: Սակայն առողջապահության համակարգն այսօր դրան պատրաստ չէ: Ավելին, մշակված չեն ենթաօրենսդրական ակտերը. քանի՞ անգամ նույն դեղատոմսով մարդը կարող է դեղ գնել, եթե նա, դիցուք, քրոնիկ հիվանդ է կամ ի վիճակի չէ գնել նշանակված ամբողջ քանակը միանգամից: Ու՞մ մոտ պետք է մնա դեղատոմսը՝ գնորդի՞, թե՞ դեղատան: Իսկ ինչպե՞ս պետք է լուծվի պոլիկլինիկաներում բժիշկների հասանելիության խնդիրը. բոլորին  լավ հայտնի է, թե որքան ցածր է մեր պոլիկլինիկաների թողունակությունը:

Վահե Վարսանյանը հիշեցրեց, որ դեղատոմսերով վաճառվող դեղերի ազատ վաճառքը չի թույլատրվում նաեւ գործող օրենքով, սակայն դրա համար տուգանքներ նախատեսված չէին եւ դրա վրա աչք էին փակում: Սրա փոխարեն, ըստ Վահե Վարսանյանի, անհրաժեշտ էր ներդնել էլեկտրոնային համակարգ, ստեղծել հիվանդների առցանց բազա եւ կամաց-կամաց ստեղծել մեխանիզմ, որպեսզի օրենքի այս նորմն աշխատեր: Գումարած՝ բժիշկների պատասխանատվությունը, քանի որ, ինչ էլ չասեն ինքնաբուժման մասին, հակաբիոտիկներ նշանակում են հիմնականում հենց բժիշկները: Այս ամենն արված չէ, եւ որպեսզի ծածկաթմբոց անեն իրենց անգործությունը, Առողջապահության նախարարությունն այսօր ներդնում է արգելող ծայրահեղ միջոցներ՝ բարձր տուգանքներով:

5. Զուգահեռ ներմուծում

Նոր օրենքով հայտարարվում է լուծված զուգահեռ ներմուծման խնդիրը, սակայն ներմուծման կարգը, ըստ Վահե Վարսանյանի, ամեն ձեւով խոչընդոտում է դրան: Մասնավորապես, եթե զուգահեռ շուկայից ներմուծված դեղորայքի բոլոր ցուցանիշները չէ, որ համընկնում են Հայաստանում գրանցված դեղորայքի հետ, օրինակ, տարբերվում է գրանցման իրավատերը, ապա դրա ներմուծումն արգելվում է: Ընդ որում, խոշոր շատ արտադրող ընկերություններ իրենք են դեղորայքը տարբեր շուկաներում գրանցում  տարբերանշաններով, որպեսզի թույլ չտան դրանց արտահոսքը: Սակայն եթե պետությունն իր օրենքով թույլ է տալիս զուգահեռ ներմուծումը, ապա չպետք է շարժվի նրանց թելադրած խաղի կանոններով:

Զուգահեռ ներմուծման հիմնական նպատակը ցածր գներն են:  «Երբ հոլդերները՝ գրանցման իրավատերերը, տեսնում են, որ դու ներմուծում ես հարեւան շուկաներից ցածր գներով, ապա նրանք իրենք են իջեցնում գները, եւ դա այսօր արդեն տեղի է ունենում: Եթե այդ ճանապարհը դարձյալ փակվի, նրանք դարձյալ կբարձրացնեն գները»,- նկատեց Վահե Վարսանյանը:

Նա հիշեցրեց, որ 2010 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել՝ համաձայն որի թույլատրվում էր ներմուծել դեղեր՝ որակի եւ անվտանգության վրա չազդող փաթեթավորման տարբերություններով:  Դեղգործակալությունն ու Առողջապահության նախարարությունը համառորեն խախտում են այս որոշումը ոչ միայն զուգահեռ, այլեւ անմիջապես արտադրողից  ներմուծման  ժամանակ, որը կազմում է ընդհանուր ներմուծման 90-95 տոկոսը:

«Օրինակ՝ եթե գրանցման  իրավատերը դեղն այստեղ գրանցել է՝  մինչեւ 25 աստիճան պահպանման պայմանով, իսկ մենք ներմուծել ենք անմիջապես արտադրողից, որի տուփին նշված է՝ պահպանել 10-25 աստիճանի պայմաններում, ապա մեզ արգելվում է ներմուծել այդ դեղը: Կամ՝ Հայաստանում գրանցած դեղի տուփին գրված է. «Պահպանել երեխաներից», իսկ ներմուծված դեղի տուփին այդ նշումը չկա, ապա, ըստ Դեղգործակալության եզրակացության՝ դեղն անօրինական է:

Իսկ ամենամեծ աբսուրդը. երբ արտադրողը ՓԲԸ-ից դառնում է ԲԲԸ, որի մասին տեղեկացնում է Դեղգործակալությանը, կամ փոխվում է իրավատիրոջ իրավաբանական հասցեն, որը ոչնչի վրա չի կարող ազդել: Եվ Դեղգործակալությունը մեկ հարվածով արգելում է դեղի նեմուծումը», -պատմում է Վահե Վարսանյանը՝ հավելելով, որ անմիջական ներմուծման դեպքում առհասարակ խոսք չի կարող լինել անօրինական դեղերի մասին, իսկ զուգահեռ ներմուծման դեպքում ներմուծողը Դեղգործակալությանն է ներկայացնում ներմուծման ողջ շղթան՝ ինչպես դեղերն իրենց մոտ հայտնվեցին, բոլոր սերտիֆիկատներով եւ անհրաժեշտ այլ փաստաթղթերով, հայտնի են նաեւ դեղերի սերիաները, եւ ամենեւին դժվարություն չի ներկայացնում հետեւել այս ողջ գործընթացին: Սակայն Դեղգործակալությունը նախընտրում է վհուկների որսը՝ հայտարարելով «կեղծ դեղերի» դեմ պայքարի մասին եւ խոչընդոտներ ստեղծելով:

Նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերոնշյալ բոլոր արգելքներն այլեւս օրենքի ուժ կունենան, եւ զուգահետ ներմուծումը գործնականորեն կդառնա անհնար:

Վահե Վարսանյանի կարծիքով «Դեղերի մասին» նոր օրենքում խոցելի են գործնականում բոլոր դրույթները, եւ դրանց հետ կապված բոլոր պրոբլեմները անընդհատ մանրակրկիտ կերպով բարձրացվել են: «Առողջապահության նախկին նախարար Մուրադյանին դրանք բազմիցս ներկայացրել ու բացատրել եմ: Նա խոստացել էր այդ տեսքով նախագիծը չներկայացնել երկրորդ ընթերցման, վերամշակել, սակայն վերջին հանդիպումից երկու օր անց հապճեպ տարավ, եւ ԱԺ-ն այն դակեց: Հիմա նա չկա. չհասցրեց օգտվել օրենքի ընձեռած առատ բարիքներից: Բայց օրենքը կա: Իսկ այս բարձրացրած հարցերին պատասխան չկա, պատասխանատու անձերը լուռումունջ նստել, տեղներից չեն շարժվում: Հետեւաբար այս բոլոր հարցերը հասցեագրում եմ վարչապետ Կարեն Կարապետյանին, քանի որ նա հրապարակայնորեն ստանձնել է բարձր պահել նշաձողը՝ թույլ չտալու չինովնիկներին՝ կատարել այսքան պրիմիտիվ վնասարարություններ», – ասաց նա։

Վահե Վարսանյանն առաջարկում է կասեցնել օրենքի ուժի մեջ մտնելը եւ այն հիմնովին փոխել. «Ողջ այս աբսուրդը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի եւ Հակոբ Թոփչյանի քմահաճույքն է, որպեսզի ճոխ ապրեն»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել